Ադրբեջանն ու Ռուսաստանը ցուցադրում են փոխգործակցության առավելագույն մակարդակը կարեւորագույն խնդիրների լուծման գործում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ընդունելով ՌԴ Դաշնային խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչովին եւ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովին։
«Նախագահ Իլհամ Ալիեւն ընդգծել է, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը՝ որպես երկու հարեւան պետություններ, ցուցաբերում են փոխգործակցության, փոխադարձ աջակցության եւ փոխադարձ հարգանքի առավելագույն մակարդակ՝ երկկողմ եւ բազմակողմ օրակարգի կարեւորագույն հարցերի լուծման գործում»,- ասվում է հանդիպման վերաբերյալ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Ըստ Ալիեւի «Ռուսաստանը հիմնարար դեր է խաղում անվտանգության հարցերում ոչ միայն տարածաշրջանային մակարդակում, այլեւ ավելի լայն տարածքում»։
Անդրադառնալով Ռուսաստան կատարած իր վերջին այցին՝ Ալիեւն ընդգծել է, որ այն «շատ արդյունավետ» էր եւ «եւս մեկ անգամ ցույց տվեց երկու երկրների միջեւ դաշնակցային հարաբերությունների ռազմավարական բնույթը»։
Ալիեւի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են նաեւ հումանիտար ոլորտում համագործակցության հետ կապված հարցեր, ինչպես նաեւ մտքեր են փոխանակվել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման հեռանկարների շուրջ։