2023 թվականի դեկտեմբերի սկզբից ռուս զինվորականները մահապատժի են ենթարկել զենքը վայր դրած առնվազն 15 ուկրաինացի զինվորականի, հայտնում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը։
Իրավապաշտպաններն ուսումնասիրել են առնվազն 12 ուկրաինացի զինվորների հնարավոր արտադատական մահապատիժների երեք դրվագներ, որոնցից բոլորում ուկրաինացի զինվորականները ցույց են տվել հանձնվելու հստակ ցանկություն։
Մեկ այլ դեպքում էլ, հայտնում է Human Rights Watch-ը, երկու ռուս զինվորակններ մահապատժի են ենթարկում երեէ ուկրաինացի զինվորականի ովքեր ցուցադրաբար վայր են դրել իրենց զենքերը։
Իրավապաշտպան կառույցը նշում է, որ ապրիլի 22-ին նամակ է ուղարկել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին՝ խնդրելով մեկնաբանել վերը նկարագրված դեպքերը և տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե արդյոք ռուս զինվորականները հրաման են ստանում սպանել հանձնված ուկրաինացի զինվորներին։
Ապրիլի սկզբին ռուսական Telegram-ի ալիքները հրապարակեցին ուկրաինացի ռազմագերիների ենթադրյալ մահապատժի կադրեր՝ մանրամասնելով, որ դա տեղի է ունեցել Կրինոկի շրջանում։
2024 թվականի մարտին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը հրապարակել էր հատուկ զեկույց, որում ասվում էր, որ կառույցը հաղորդումներ է ստացել 32 ուկրաինացի ռազմագերիների մահապատժի մասին։