Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը։
Հաղորդագրության տեքստում նշվում է, որ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգին եւ քաղաքական երկխոսությանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ անդրադարձել տարածաշրջանային հարցերի։
«Ընդգծելով Հարավային Կովկասում հարատեւ խաղաղության եւ կայունության հասնելու ջանքերը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման, 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին հանձնառության կարեւորությունն ու այս հարցում միջազգային գործընկերների, այդ թվում՝ Ուկրաինայի ԱԳՆ կողմից արտահայտված դիրքորոշումը»,-ասվում է ՀՀ ԱԳ նախարարության հաղորդագրության տեքստում: