Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին ութ տարվա ընթացքում առաջին անգամ հանդիպել է ընդդիմության առաջնորդ Օզգուր Օզելի հետ։ Հանդիպման օրակարգի հիմնական հարցերն են գործող սահմանադրությունը, որն ընդունվել էր 1980 թվականի ռազմական հեղաշրջումից հետո, նոր սահմանադրությամբ փոխարինելը, Գազայի ճգնաժամը եւ տնտեսական իրավիճակը, հաղորդում է NTV հեռուստաալիքը։
Օզելը գլխավորում է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP), որը հաղթել է մարտի 31-ին կայացած մունիցիպալ ընտրություններում։
Թուրքիայի նախագահը բազմիցս է խոսել 1982 թվականից գործող սահմանադրությունը նորով փոխարինելու անհրաժեշտության մասին։ Նա արդեն երկու անգամ համաժողովրդական հաստատման է ներկայացրել սահմանադրության փոփոխությունների հետ կապված հարցերը։ 2017 թվականի հանրաքվեից հետո Թուրքիայում խորհրդարանական կառավարման ձեւը փոխարինվեց նախագահականով, սակայն նոր սահմանադրություն չընդունվեց՝ հաշվի առնելով այս փոփոխությունները։ Ընդդիմությունը դեմ է նախագահական կառավարման ձեւին՝ անհրաժեշտ համարելով վերադառնալ խորհրդարանականին։
Հանդիպման մյուս առանցքային հարցերից էր պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հարցը։ Օզելը ավելի վաղ հայտարարել էր Գազա մեկնելու իր մտադրության մասին՝ աջակցություն հայտնելու պաղեստինյան անկլավի բնակիչներին։