Ըստ նոր չափորոշիչի՝ դպրոցներում ամբողջությամբ փոխվել է գնահատման համակարգը։ Աշակերտները միավորով գնահատական չեն ստանում մինչեւ հինգերորդ դասարանի առաջին կիսամյակը ներառյալ։ 4-րդ դասարանի քննությունները հանվել են, փոխարենն իրականացվելու է արտաքին գնահատում։ Դա «Մայրենի լեզու», «Մաթեմատիկա», «Ես եւ շրջակա միջավայրը» առարկաների համակցված թեսթ է։
Իններորդ դասարանի քննությունների անցկացման կարգը վերանայվել է։ Օրինակ՝ բնագիտական առարկաների քննությունները (միայն այն դպրոցներում, որտեղ լաբորատորիաներ են ներդրվել), հանձնելիս աշակերտները նաեւ փորձերի հիման վրա առաջադրանքներ են կատարելու։ Այն դպրոցներում, որտեղ դեռեւս չկան լաբորատորիաներ, նախագծային աշխատանքներ կլինեն առնվազն երկու առարկայից, որոնք սովորողների ինքնուրույն հետազոտական աշխատանքներ են։
«Գրականության եւ պատմության քննությունները միավորվել են։ Աշակերտները կհանձնեն գրականության եւ պատմության համատեղ էսսե»,- Կառավարության նիստի ընթացքում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
2023-2024 ուսումնական տարում կրթական նոր չափորոշիչները փորձարկվում են ՀՀ Տավուշի մարզի դպրոցների 1-ին, 4-րդ, 9-րդ եւ 12-րդ դասարաններում:
Ըստ կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի՝ սա «Պատմություն» եւ «Հայ գրականություն» առարկաների դերի նսեմացում է։ Եթե ամեն ինչ խառնելու են իրար, եւ անհասկանալի է լինելու, թե ինչն են գնահատում, աշակերտների մի ստվար հատված ո՛չ պատմություն է սովորելու, ո՛չ էլ գրականություն։
«Շատ երկրներում տարբեր առարկաներ բլոկով են գնահատվում։ Օրինակ՝ հումանիտար առարկաները ներառվում են մի բլոկում, բայց դրա մեջ կան առանձին բաղադրիչներ։ Այսինքն՝ այդ բլոկը յուրաքանչյուր առարկային (պատմություն, լեզու, գրականություն) առնչվող բաղադրիչներից է կազմված։ Ես չգիտեմ որեւէ երկիր, որ գրականութունն ու պատմությունը դառնան մի առարկա․ ըստ էության՝ հենց այդպես է չէ՞ արվում։ Եթե մի գնահատական է, ուրեմն՝ մի առարկա է»,- մանրամասնում է կրթության փորձագետը։
Անդրադառնալով աշակերտներին միավորով գնահատական չնշանակելու նոր պրակտիկային՝ Ատոմ Մխիթարյանը վստահեցնում է՝ սա բացասաբար կազդի երեխաների առաջադիմության վրա։ Ուսման առաջադիմության չափելի գործիքը գնահատականն է։ Բացի այդ՝ ըստ նոր չափորոշիչի՝ «նույն դասարանում մնալ», «դուրս մնալ» հասկացություններն այլեւս գոյություն չունեն, ուստի շատ աշակերտներ լավ սովորելու շարժառիթ չունեն։ Երեխաների համար բարձր գնահատական ստանալու ցանկությունը մղում էր ավելի լավ սովորելու, իսկ հիմա այդ ձգտումը վերացնում են։
Վերջին տարիներին կրթության ոլորտում կատարված փոփոխությունները վատթարացրել են կրթության որակը։ Եթե ուզում ենք պարզել՝ կրթության որակը լավացել է, թե վատացել, անհրաժեշտ է օգտագործել համեմատության երկու հիմնական չափանիշ։ Առաջին չափանիշի համաձայն՝ հարկավոր է այս պահին X տարիքի դպրոցականների գիտելիքները համեմատել տասը տարի առաջ սովորած նույն տարիքի երեխաների գիտելիքների հետ։
Ըստ երկրորդ չափանիշի՝ պետք է համեմատել Հայաստանի եւ հարեւան երկրների՝ նույն ժամանակահատվածում սովորող նույն երեխաների գիտելիքներն ու առաջադիմությունը։ Կրթության փորձագետը շեշտում է՝ ցավոք, երկու պարամետրերով էլ մեր կրթական համակարգը հետընթաց է գրանցել։ Դա ակնհայտ է դառնում բուհական ընդունելության քննությունների ժամանակ։
«Հունվարին անցկացվեց միասնական քննությունների առաջին փուլը։ Համեմատաբար լավ սովորող աշակերտները, որոնք պիտի բուհ ընդունվեին, «Հայոց լեզու» եւ «Մաթեմատիկա» առարկաներից քննություն հանձնեցին։ «Հայոց լեզվի» քննությունից բացասական գնահատական ստացավ հինգից մեկը, մաթեմատիկայից՝ չորսից մեկը, այսինքն՝ 25 տոկոսը։ Նման պատկեր մենք երբեք չենք ունեցել։ Կրթության ոլորտում այս «բարեփոխումները» հանգեցրել են այսպիսի վատ արդյունքների»,- մտահոգվում է Ատոմ Մխիթարյանը։
Գալուստ Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցի «Հայոց լեզու» եւ «Գրականություն» առարկաների ուսուցչուհի Մարիամ Հովսեփյանը վստահ է՝ ցանկացած նորարարություն իր հետ բերում է ե՛ւ խնդիրներ, ե՛ւ հաջողություններ։ Շատ լավ կլինի, որ աշակերտները սովորեն էսսե գրել։ Երբեմն տեսական գիտելիքների մեծ պաշար ունեցողները չեն կարողանում իրենց մտքերը ձեւակերպել, ստեղծագործական աշխատանք կատարել։ Պատճառն այն է, որ աշակերտները հինգերորդ, վեցերորդ դասարանից սկսած՝ վարժվում են քննությունը թեստային տարբերակով հանձնելուն։ Թեստը ենթադրում է կոնկրետ, ճշգրիտ պատասխան (պետք է նշել, երբեմն էլ գրել ճիշտ պատասխանը), ոչ թե աշակերտի մոտեցումը։
Ուցուցչուհու համոզմամբ՝ եթե հիմա որոշվի, որ երեխաները պիտի էսսե գրեն, նրանք պատրաստ չեն լինելու դրան։ Այդպիսի առաջադրանք տալուց առաջ մեծ ժամանակամիջոց է պետք, որ աշակերտները բազմաթիվ այսօրինակ աշխատանքներ գրեն։ Նրանք պիտի վարժվեն նյութը կարդալ-ընկալելուն, ապա ստեղծագործաբար վերարտադրելուն՝ նաեւ իրենց մոտեցումները գրելով։
«Այս նախաձեռնությունը վատ չէ, բայց մեծ խնդիրներ է առաջացնելու, եթե այս ամենը հաշվի չառնվի։ Վստահաբար ունենալու ենք անգրագետ աշխատանքներ՝ լեզվական, կետադրական, ուղղագրական սխալներով․ մեծ մասն այսպիսի արդյունք է ունենալու»,- ասում է Մարիամ Հովսեփյանը։
Դպրոցներում ոճագիտության դասաժամերը շատ քիչ են, ուստի աշակերտները ստեղծագործական աշխատանքներ գրելիս ոճական սխալներ շատ են թույլ տալիս։ Աշակերտները ոճագիտություն են ուսումնասիրում 12-րդ դասարանում, բայց այդ ժամանակ շատերը ընդունելության քննություններին են պատրաստվում եւ ուսուցիչների հանձնարարությունները հաճախ չեն կատարում։
Այսուհանդերձ, ուսուցչուհին վստահ է՝ հնարավոր չէ մի քննությամբ երկու առարկայի վերաբերյալ գիտելիքները ստուգել․ դա իրատեսական չէ։ Էսսե գրելով՝ որեւէ առարկայից քննություն հանձնելը ճիշտ մոտեցում չէ, քանի որ այն չի կարող օբյեկտիվորեն գնահատվել։ Այսպիսի խնդիրներ էին առաջանում նաեւ տարիներ առաջ ընդունելության քննությունների ժամանակ, երբ դիմորդը շարադրության քննություն էր հանձնում։
Թեստը՝ որպես քննական գործիք, օբյեկտիվ է։ Թեեւ ոմանք քննադատում են, ասում՝ շտեմարանները բարդ են, մի բան ակնհայտ է․ դրանք օբյեկտիվ են։ Ուսուցչուհին վստահեցնում է՝ ով ասում է՝ միայն անգիր անելով է հնարավոր բարձր գնահատական ստանալ, սխալվում է, բոլորովին այդպես չէ։ Տեսական գիտելիքներ ունենալով՝ աշակերտը կարող է ոչ միայն թեստից բարձր գնահատական ստանալ, այլեւ գրագետ գրել։
«Կարելի է ուսումնառության ընթացքում ստեղծագործական աշխատանքներ գրելու հանձնարարություններ տալ, որպեսզի աշակերտը սովորի մտքերը ձեւակերպել, էսսե գրել, բայց ո՛չ այդ աշխատանքով գիտելիք ստուգել։ Մեկի համար ինչ-որ միտք շատ գեղեցիկ է, մյուսի համար՝ «ծեծված է», ուստի ստուգողները հաճախ տարբեր գնահատականներ են նշանակում։ Ինչպե՞ս ենք գիտելիքը ստուգելու․ չափելիությունը շատ դժվար է»,- մտահոգվում է Մարիամ Հովսեփյանը։
Անդրադառնալով այդ թեմային՝ Երեւանի պետական համալսարանի Հայոց լեզվի պատմության եւ ընդհանուր լեզվաբանության ամբիոնի դասախոս Նարինե Դիլբարյանն ասում է՝ սա տրամաբանության տեսանկյունից անհեթեթ, որեւէ հիմնավորում չունեցող գաղափար է։ Հասարակական ու քաղաքագիտական տեսանկյուններից սա ծրագիր է նոր սերնդին ի սպառ զրկելու իր պատմության, գրականության վերաբերյալ հիմնային գիտելիքներ ունենալուց եւ նրանց վերածելու քաղաքակրթական շուկայում խանութպանների դերին հավակնող հանրույթի։
Դասախոսը վստահ է՝ վերջին տարիներին կրթության ոլորտում կատարվող փոփոխությունները բարեփոխումներ չեն, այլ հասարակագիտորեն ազգին պատմությունից, արժեքներից զրկելող գործիքներ։ Նարինե Դիլբարյանի համար անընդունելի է մինչեւ հինգերորդ դասարանը աշակերտներին գնահատական չնշանակելու որոշումը։ Ի վերջո գնահատականը խարազան չէ, խթան է։ Եթե երեխան տեսնում է՝ մոտիվացիոն սանդղակ, գնահատական չկա, անտարբեր է դառնում կրթության նկատմամբ։ Գնահատականը հանելը, բոլորին հավասարեցնելը շատ սխալ մոտեցում է։ Մարդկանց ընդունակությունները հավասար չեն․ մեկը լավ է սովորում մաթեմատիկան, մյուսը՝ հումանիտար առարկաները։ Հարկավոր է գտnել նրա ուժեղ կողմը, խթանել, որ նա դեպի այդ կողմը գնա։
«Ապշեցուցիչ է։ Ինչպե՞ս կարելի է այսպես վերացնել պետականության հիմքերը։ Նրանք դա անում են՝ սկսելով հենց կրթական համակարգից, որովհետեւ ազգի հիմքերից մեկը դպրոցն է։ Մեզ ասում են՝ եղբա՛յր ապրե՛ք ստամոքսային Հայաստանում, դարձե՛ք դողացող մուրացիկ։ Պատմություն մի՛ իմացեք․ դրա մասին գրե՛ք ինչ-որ էսսեներ։ Մեր երեխաներին ուզում են տանել այդ ուղիով»,- եզրափակեց Նարինե Դիլբարյանը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։