Նիգերը լքող ամերիկացի զինվորականները եւ այս երկիր ժամանած ռուս զինվորականները հայտնվել են նույն ավիաբազայի տարածքում, հայտնում են Reuters-ը եւ CNN-ը։
CNN-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի Դաշնության զինվորականները մի քանի շաբաթ է ինչ միասին գտնվում են Նիգերի մայրաքաղաք Նիամեյի մոտ գտնվող «Air Base 10» ավիաբազայում։
ԱՄՆ ռազմական հրամանատարությունից Reuters-ի բարձրաստիճան աղբյուրն էլ անանուն մնալու պայմանով պատմել է, որ ամերիկացիներն ու ռուսները բազայի տարբեր հատվածներում «անգարներ են զբաղեցրել եւ չեն հանդիպել»։
«Իրավիճակն այնքան էլ լավ չէ, բայց կարճաժամկետ հեռանկարում կառավարելի է»,-ասել է գործակալության զրուցակիցը։
ԱՄՆ Պաշտպանության դեպարտամնետի ղեկավար Լլոյդ Օսթինը հաստատել է, որ ամերիկացի զինվորականները գտնվում են նույն բազայում, ինչ ռուսները՝ ընդգծելով, որ վերջիններս ոչ ամերիկացիների հետ կապ հաստատելու, ոչ էլ նրանց ռազմական տեխնիկային հասանելիության հնարավորություն չունեն։
Ռազմական խունտան, որը Նիգերում իշխանությունը զավթել է 2023 թվականի հուլիսին ռազմական հեղաշրջման արդյունքում, ԱՄՆ-ից պահանջել է հեռացնել իր ռազմական կոնտինգենտը երկրի տարածքից։ 2024 թվականի մայիսի սկզբի դրությամբ ամերիկյան հրամանատարությունը փորձում է ծրագրել եւ իրականացնել Նիգերից 1000 զինծառայողների դուրսբերումը։
Մինչ ռազմական հեղաշրջումը, ԱՄՆ զինվորականները Նիգերը դիտարկում էին որպես տարածաշրջանում հակաահաբեկչական գործողությունների առանցքային բազա: Հեղաշրջումից հետո Նիգերի նոր իշխանությունները էլ ավելի են ընդլայնել Ռուսաստանի հետ համագործակցությունը։