Շուրջ 1000 հայեր քայլել են, որ քայլելու հնարավորություն տան հաշմանդամություն ունեցող հայրենակիցներին։ «Քայլիր, որ քայլեն»-ը դրամահավաքային նախաձեռնություն է, որի ընթացքում շուրջ 27 միլիոն դրամ է հավաքվել։ Մեկ դրամ՝ յուրաքանչյուր քայլի համար։
Դրամահավաքի արշավի համակարգող, «Տեր եմ» հիմնադրամի համահիմնադիր Ժաննա Հարությունյանը «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում նշում է՝ կարճ ժամանակում նախաձեռնությանը որպես դոնոր միացել են Հայաստանի տարբեր կազմակերպություններ։
«Ծրագիրն այնքան մեծ արձագանք ստացավ, որ միացան երկրի խոշոր բանկեր, ֆինանսական կազմակերպություններ, մեծ ու փոքր բիզնեսներ, բոլոր մարզերից երիտասարդ ու տարեց մասնակիցներ»,-ասում է Ժաննան։
Ծրագրի նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց «Մետագեյթ» վերականգնողական սարքերով ապահովելն է եղել։ «Մետագեյթն» աշխարհում առաջին հեռավար վերականգնողական սարքն է, որն օգնում է շահառուին հեռավար վերականգնողական բուժում ստանալ եւ կանխարգելել 30-ից ավելի այն հիվանդություները, որոնք առաջանում են, երբ մարդը չի քայլում։
«Մետագեյթ»-ի շնորհիվ շահառուն կարողանում է տանը մարզվել, իսկ բժիշկը հեռավար վերահսկում է շահառուի վերականգնման ընթացքը, տեսնում է քայլերի քանակը, արդյունքները, հրահանգներ տալիս՝ հաջորդաբար ինչ պետք է անել։
«Քայլիր, որ քայլեն»-ի ընթացքում տարբեր թիմեր են ձեւավորվել․ յուրաքանչյուր թիմում՝ երկու մասնակից՝ քայլորդ եւ հովանավոր։ Քայլորդի յուրաքանչյուր քայլի համար վճարել է հովանավորը։ Քայլերը հաշվել են հավելվածի միջոցով։ Ոգեւորությունն այնքան մեծ է եղել, որ տարբեր բանկերի ներկայացուցիչներ բարձրացել են Արարատ ու այդ քայլերի համար հավաքված գումարը եւս փոխանցել նախաձեռնությանը։ Մասնակիցներից մեկն էլ մեկ օրում ռեկորդային՝ 130000 քայլ է կատարել՝ Երեւան-Ծովագյուղ-Երեւան երթուղին ոտքով անցնելով։
«Սա մեր ամենամեծ նախագիծն էր։ Արել ենք ամեն ինչ, որ դոնորները ներգրավված լինեն գործընթացում, իրենք էլ մասնակցեն, ոչ թե ուղղակի գումար տան ու հաշվետվություն ստանան։ Այժմ հպարտությամբ ասում ենք՝ 1000 հայ միավորվեց, ու համաշխարհային գյուտ կյանքի կոչվեց, որում ներգրավվեցին ոչ միայն Հայաստանի բոլոր անկյուններում, այլեւ ուրիշ երկրներում բնակվող հայեր եւ այլազգիներ»,-ասում է Ժաննան։
Դրամահավաքի արդյունքում ձեռք բերված սարքերը տրամադրվել են հաշմանդամություն ունեցող տարբեր անձանց ու վերականգնողական կենտրոնների։
«Մետագեյթ»-ն արտադրում է «Քայլտեք» ընկերությունը։ Հեղինակը ֆիզիաթերապիստ Դավիթ Արսենյանն է։ Հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատանքի ընթացքում էլ առաջացել է դրա ստեղծման գաղափարը։
«Երբ տղաների հետ աշխատում էինք, մի շարք խնդիրներ էին լինում՝ աշխատանքի արդյունավետ կազմակերպման, ռեսուրսների ճիշտ օգտագործման, վերականգնողական բուժման անընդհատությունն ապահովելու։
Մեր խնդիրն էր ստեղծել այնպիսի սարքավորում, որի ՕԳԳ-ն կլիներ 100-ին մոտ»,- «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասում է Դավիթ Արսենյանը։
Սարքը նախագծվել է երկու մեթոդների միացմամբ՝ ֆիզիկապես քայլաբեր եւ VR տեխնոլոգիաների օգտագործում։ «Դրանք մարդուն կտրում են իրականությունից եւ արտաքին միջավայրն են ապահում, որ կենտրոնանա տվյալ շարժման ու բարդության վրա, ինչը կրկնակի էֆեկտ է տալիս վերականգման առումով։ Հաշմանդամություն ունեցող անձը մարզում է հենաշարժողական համակարգը, կենտրոնական նյարդային համակարգը ամբողջությամբ կենտրոնացած է լինում»,-ներկայացնում է Արսենյանը։
Հեղինակը կարեւորել է նաեւ սոցիալական բաղադրիչը։ Սարքն օգտագործելիս տղաները նաեւ շփվում են միմյանց հետ՝ հնարավորություն ունենում տարբեր խաղերում մրցել, համեմատել արդյունքները։
«Մետագեյթ»-ով քայլելու շնորհիվ արդեն իսկ երեք շահառուներ սկսել են իրենց ոտքերը զգալ, ինչը լավ արդյունք է եւ մոտիվացիա՝ սարքի հնարավորություններն ու արդյունավետությունը բարձրացնելու համար։ Հեղինակն աշխատում է, որ սարքի միջոցով շահառուն ամբողջությամբ վերականգնի իր քայլքը։
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: