Ռուսաստանի տարածքին հարվածելու համար բրիտանական զենք օգտագործելու Կիեւի իրավունքի մասին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնի հայտարարությունները Կրեմլը դիտարկում է որպես ուղղակի էսկալացիա: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Պաշտոնական ներկայացուցիչների կողմից տեսնում ենք վերբալ էսկալացիա։ Մենք դա տեսնում ենք ինչպես պետությունների ղեկավարների մակարդակով, երբ խոսքը վերաբերում է Ֆրանսիային, այնպես էլ ավելի փորձագիտական մակարդակով, երբ խոսքը վերաբերում է Մեծ Բրիտանիային»,-հայտարերել է Կրեմլի խոսնակը եւ հավելել, որ սա ուկրաինական հակամարտության շուրջ «լարվածության ուղղակի սրացում է, որը կարող է վտանգ ներկայացնել եվրոպական անվտանգությանը, եվրոպական անվտանգության ողջ ճարտարապետությանը»։
Ըստ Պեսկովի պաշտոնական հայտարարություններում Մոսկվան նկատում է «լարվածության սրման նման վտանգավոր միտում», որն անհանգստություն է առաջացնում։
Հիշեցնենք, որ մայիսի 2-ի կեսօրին, Reuters-ը հրապարակել էր Քեմերոնի Կիեւ կատարած այցի ընթացքում հնչեցրած հայտարարությունը, որտեղ նա նշել էր, որ Ուկրաինան իրավունք ունի բրիտանական զենքով հարվածել Ռուսաստանի թիրախներին։