Չեխիայի ԱԳՆ-ն պնդում է, որ Չեխիայի կառավարական մարմինները 2023 թվականից ենթարկվել են Ռուսաստանի Դաշնության հետ կապված հաքերների հարձակմանը։
Ըստ չեխական կողմի «այդ հարձակումների իրականացման մեթոդը եւ դրանց ուղղությունը համապատասխանում են APT28 դերակատարի գործունեության պրոֆիլին»։ ԱԳՆ-ն կարծում է, որ «APT28» խմբավորումը կապված է ռուսական ռազմական հետախուզության գլխավոր հետախուզական վարչության հետ։
Հաքերները, ինչպես հետեւում է նախարարության կայքում հրապարակված հայտարարությունից, փորձել են գողանալ չեխական գերատեսչությունների եւ կազմակերպությունների տվյալները՝ Microsoft Outlook էլփոստի ծառայության թույլ կողմեր գտնելով։ Նաեւ ընդգծվում է, որ քաղաքական դերակատարների, կառավարական կազմակերպությունների եւ կարեւոր ենթակառուցվածքների վրա կիբերհարձակումները վտանգ են ներկայացնում երկրի ազգային անվտանգության եւ ժողովրդավարական գործընթացների համար։
«Չեխիան մտահոգված է [արտասահմանյան] պետական դերակատարների կողմից կրկնվող կիբերհարձակումներով։ Մենք վճռական ենք եվրոպական եւ այլ միջազգային գործընկերների հետ այդ անընդունելի գործողություններին վճռականորեն արձագանքելու հարցում»,-ասվում է հաղորդագրության տեքստում։
Հիշեցնենք, նախօրեին՝ մայիսի 2-ին նման պետական մարմինների դեմ կիբերհարձակումների մասին հայտարարել էր նաեւ Գերմանիայի արտգործնախարար Աննելենա Բերբոքը։ Նա նույնպես նշել էր, որ հարձակումը իրկանացրել է APT28 կոդային անվանումը ունեցող հակերների խումբը, որը կառավարվում է ռուսական հատուկ ծառայությունների կողմից։