Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան «հարկադրված» է դադարեցնել առեւտրային հարաբերությունները Իսրայելի հետ, որի ծավալը հասել են 9,5 միլիարդ դոլարի։
«Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ ծավալված իրադարձություններն անընդունելի են։ Իսրայելը սպանել է 40-45 հազար պաղեստինցի։ Որպես մուսուլմաններ մեզ համար անհնար էր ուղղակի հետեւել սրան: Մեզ ստիպեցին քայլեր ձեռնարկել եւ մենք գնացինք այն քայլին, որը պահանջվում էր։ Մենք ունեինք 9,5 միլիարդ դոլարի ապրանքաշրջանառություն, բայց հիմա դադարեցրել ենք»,- Ստամբուլում լրագրողներին հայտարարել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանը հիշեցրել է, որ նախկինում ԱՄՆ-ում հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ մինչ ներկայիս ճգնաժամի բռնկումը։
«Ես նրա հետ հանդիպեցի մի պատճառով, բայց ցույց տալու համար, որ Թուրքիան եւ Իսրայելը կարող են միասին ինչ-որ քայլեր ձեռնարկել։ Բայց Նեթանյահուն պարզվեց, որ անողոք է եւ դրսեւորեց այս անխղճությունը երեխաների, կանանց եւ տարեցների նկատմամբ [Գազայում]։ Ամբողջ Արեւմուտքը եւ հատկապես ԱՄՆ-ն աշխատում է Իսրայելի շահերից ելնելով»,-հայտարարել է Էրդողանը։
Ապրիլի 9-ին Թուրքիայի առեւտրի նախարարությունը սահմանափակումներ է մտցրել Իսրայելի հետ 54 տեսակի ապրանքների առեւտրի համար։ Մայիսի 2-ի երեկոյան նախարարությունը հայտարարեց Իսրայելի հետ արտահանման եւ ներմուծման գործարքների ամբողջական դադարեցման մասին։
Թուրքիայի առեւտրի նախարար Օմեր Բոլաթի խոսքով՝ Անկարան կկատարի Իսրայելի դեմ առեւտրային պատժամիջոցների մասին որոշումը, քանի դեռ չի դադարեցնել կրակը Գազայի հատվածում եւ ապահովել հումանիտար օգնության անարգել առաքումը շրջան։