Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ռմբակոծությունների ու գնդակոծությունների զոհ է դարձել ավելի քան 34, 6 հազար մարդ։ Այս տվյալները հայտարարել է Գազայի հատվածում գործող առողջապահության նախարարությունը։
«Նախորդ տարվա հոկտեմբերին իսրայելական ագրեսիայի սկզբից մինչ օրս հատվածում զոհվել է 34622 մարդ, վիրավորվել՝ 77867 պաղեստինցի»,- նշել է Առողջապահության նախարարությունը, որի հայտարարությունը մեջբերում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։ Միայն վերջին 24 ժամվա ընթացքում, ըստ նախարարության, Գազայում զոհվել է 26 պաղեստինցի, վիրավորվել՝ ավելի քան 60-ը։
Ավելի վաղ ՄԱԿ-ի Մերձավոր Արեւելքում պաղեստինցի փախստականների օգնության եւ աշխատանքի հարցերով գործակալությունը հայտնել էր, որ Գազայում ընթացող ռազմական գործողությունների հետեւանքով զոհվել է ավելի քան 10 հազար կին եւ վիրավորվել 19 հազարը։