ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին եւ Բրյուսելին զգուշացրել է, որ Ղրիմի եւ Ղրիմի կամրջի դեմ ուկրաինական ցանկացած գործողություն դատապարտված է ձախողման եւ «ջախջախիչ պատասխան» հարված կստանա։
«Ուզում եմ եւս մեկ անգամ զգուշացնել Վաշինգտոնին, Լոնդոնին, Բրյուսելին, որ Ղրիմի դեմ ցանկացած ագրեսիվ գործողություն ոչ միայն դատապարտված է ձախողման, այլ նաեւ պատասխան հարված է ստանալու, որը կլինի ջախջախիչ»,-ասել է Զախարովան մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքերով վերջին օրերին Ուկրաինայի Զինված ուժերը Ղրիմին հարվածելու համար արդեն կիրառել են ամերիկյան մի քանի հեռահար ATACMS հրթիռներ, որոնք «գաղտնի մատակարարվել էին են մեկ ամիս առաջ»:
«ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ արձակված բոլոր հրթիռները ոչնչացվել են։ Զատիկից հետո Կիեւը ակնկալում է ստանալ առաջին F-16 ինքնաթիռը, որը, ըստ բրիտանացիների, կարող է օգտագործվել նաեւ Ղրիմի կամրջի ոչնչացման գործողության համար»,-ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։