Աշխատանք փնտրողները եւ առաջարկողներն այսուհետ կարող են օգտվել նոր հարթակից՝ e-work.am-ից։ Այն ստեղծվել է պետության միջոցներով։ Նպատակը գործատուի եւ աշխատանք փնտրողի միջեւ կամուրջ ստեղծելն է։
e-work.am-ի շնորհանդեսին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասաց՝ սա առաջին մասշտաբային պետական հարթակն է, որը թվային տիրույթում նոր հնարավորություններ է առաջարկում։ Կայքում հայտարարություններ կլինեն ոչ միայն աշխատանքի, այլեւ պրակտիկայի, կամավորության եւ զբաղվածության ծրագրերի վերաբերյալ։
Այս հարթակը մշակել է «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնը։ Գրանցվելով կայքում՝ անհատները կունենան սեփական էջ, որտեղ կարող են տեղադրել իրենց ինքնակենսագրությունը՝ մանրամասնորեն նշելով աշխատանքային փորձառության վերաբերյալ տեղեկատվություն։ Համապատասխան ոլորտում թափուր հաստիքների մասին հայտարարություններ գտնելու դեպքում աշխատանք որոնողը կարող է հայտ ուղարկել գործատուին, որպեսզի վերջինս ուսումնասիրի նրա ինքնակենսագրությունը։ Անհրաժեշտ պահանջներին համապատասխանելու դեպքում գործատուն կարող է կապ հաստատել աշխատանք փնտրողի հետ եւ նրան հարցազրույցի հրավիրել։
Իսկ գործատուները կայքում կարող են ստեղծել իրենց կազմակերպության էջը եւ տեղադրել կազմակերպությունում առկա թափուր հաստիքների վերաբերյալ հայտարարություններ։ Բացի այդ՝ կարող են ծանոթանալ տարբեր ոլորտներում աշխատանք փնտրող անձանց ինքնակենսագրությանը, գտնել աշխատողներ։
«Կայքի «Համընկնումներ» բաժինն օգնում է, որ աշխատանք փնտրողն ու առաջարկողը գտնեն միմյանց։ Դիցուք՝ ֆիզիկական անձը գրանցվել է կայքում ու նշել, որ հոգեբանի աշխատանք է փնտրում։ Իսկ ինչ-որ գործատու հոգեբանի կարիք ունի ու հայտարարություն է հրապարակել։ Իրենց անձնական էջերում գործատուն էլ, աշխատանք առաջարկողն էլ «Համընկնումներ» բաժնում կգտնեն նշված հաստիքին առնչվող հայտարարություններ»- մանրամասնեց «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի կրթական ծրագրերի բաժնի ներկայացուցիչ Աստղիկ Բադեյանը։
Կայքի հայտարարությունները կարելի է դիտել նաեւ առանց գրանցվելու։ Բայց եթե ցանկանում եք Ձեր տվյալները լրացնել, անհրաժեշտ է գրանցվել։
Կայքի շնորհանդեսից հետո կայացավ «Աշխատանքի տոնավաճառ-2024»-ը, որին մասնակցում էր շուրջ չորս տասնյակ ընկերություն՝ տարբեր ոլորտներից՝ կրթական, շինարարական, սննդի, առեւտրի եւ սպասարկման, տեղեկատվական տեխնոլոգիաների։
Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողական խորհրդի փոխնախագահ Գրետա Արսենյանն «Ալիք Մեդիա»-ին պատմեց՝ բուհին կից գործում են նաեւ «Օհանյան» կրթահամալիրն ու «Եվրասիա» վարժարանը։
«Ադմինիստրատիվ աշխատողների ու տարբեր առարկաների ուսուցիչների կարիք ունենք։ Այսօր արդեն աշխատանք որոնողները դիմել են։ Ադմինիստրատիվ աշխատանք փնտրողներ կային, որոնք զարմացան, որ B1 մակարդակի անգլերենի իմացություն է պահանջվում։ Դա անհրաժեշտություն է, քանի որ տարբեր երկրների քաղաքացի ուսանողներ ունենք, որոնց հետո հարկավոր է անգլերեն հաղորդակցվել»,- մանրամասնեց Գրետա Արսենյանը։
Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի առաջին կուրսի ուսանողուհի Ելենան եկել էր աշխատանք որոնելու։
«Այս հարթակի մասին տեղեկացել եմ ֆեյսբուքից։ Փնտրում եմ այնպիսի աշխատանք, որը հնարավոր կլինի համատեղել ուսմանս հետ։ Արդեն մի քանի ընկերության ներկայացուցիչների մոտեցել եմ, լրացրել ինքնսկենսագրական տվյալներ։ Շուտով նաեւ կայքում կգրանցվեմ։ Հուսով եմ՝ կկարողանամ աշխատանք գտնել»,- ասաց Ելենան։
Աշխատանքի տոնավաճառին մասնակցող «Ֆլեշ» ընկերության HR բաժնի ղեկավար Աննա Հարությունյանը նշեց՝ շուրջ 30 թափուր հաստիք ունեն։ Խանութ-սրահներում թափուր հաստիքները զբաղեցնելու համար անհրաժեշտ են վաճառող-գանձապահներ, հյուրընկալներ, բանվորներ, անվտանգության աշխատակիցներ եւ այլ մասնագետներ։
«Թիմ» գրուպի անդամ ընկերությունները թափուր հաստիքներ ունեն սպասարկման, ֆինանսական, տեխնիկական սպասարկման ոլորտներում։
«Աստերիա» դեղատնային ցանցում էլ կան դեղագետի, դեղագործի, կոսմետիկայի բաժնի խորհրդատուի եւ բժշկական ներկայացուցիչների թափուր հաստիքներ։ «Երեւան մոլ»-ը եւ «Էվոլուշն» ընկերությունը եւս թափուր հաստիքներ ունեն։
Քանի որ կայքը նոր է գործարկվել, հայտարարությունները դեռեւս տեղադրված չեն։ Աշխատանք որոնողներն առաջիկա օրերին կարող են աշխատատեղեր փնտրել, իսկ գործատուները՝ թափուր հաստիքների մասին հայտարարություններ տեղադրել։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։