Ապրիլի 4-ին կարկուտ է տեղացել Արմավիրի մարզի Նոր Արտագերս, Վանանդ, Տանձուտ գյուղերում, Արմավիր քաղաքում, Արագածոտնի մարզի Օհանավան, Սաղմոսավան, Կաթնաղբյուր, Ուշի, Արտաշավան եւ մի շարք այլ գյուղերում։
Այս տարի այգեգործները գյուղատնտեսական ապահովագրության պայմանագրեր կնքելու հնարավորություն չեն ունեցել, ուստի փոխհատուցում ստանալու որեւէ երաշխիք չունեն։
Արագածոտնի մարզի Աշտարակ խոշորացված համայնքի Օհանավան բնակավայրի վարչական ղեկավար Էդգար Հայրապետյանն «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում նշեց՝ հիմնականում վնասվել են խնձորը, ծիրանը, կեռասը։ Ի տարբերություն այլ բնակավայրերի՝ Օհանավանում այգիների մեծ մասը չի կարկտահարվել։
Արագածոտնի մարզի Աշտարակ խոշորացված համայնքի Սաղմոսավան բնակավայրի վարչական ղեկավար Գեւորգ Ավագյանն էլ ասաց՝ հիմնականում կեռասի այգիներն են վնասվել։ Բարեբախտաբար, գյուղի քիչ հատվածներում են տեղումներ գրանցվել, ուստի բերքի մեծ մասը չի փչացել։
Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքի Նոր Արտագերս գյուղում այգիների մոտ 90 տոկոսը կարկտահարվել է։ Վարչական ղեկավար Արման Լաչինյանը, որը գյուղատնտեսությամբ է զբաղվում, մեր թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց՝ բնակավայրում ծիրանի, սալորի, դեղձի, խաղողի այգիները վնասվել են։
Կարկուտը որոշ տեղերում ավելի ուժգին է տեղացել։ Ըստ այդմ՝ վնասները տարբեր չափերի են՝ մոտավորապես 10-80 տոկոս։ Մասնագետներն ավելի ճշգրիտ գնահատական կտան ուսումնասիրություններից հետո։
Մինչեւ տեղումները Նոր Արտագերսում նկատել են սեւ ամպերը, հակակարկտային կայանները գործարկել, բայց հնարավոր չի եղել խուսափել կարկուտից։
«Իհարկե, կայանները որոշակիորեն օգնում են, բայց երբեմն ցանկալի արդյունքի հասնել չենք կարողանում։ Եղանակն այս անգամ մեծ վնաս հասցրեց։ ԱԻՆ-ից ու մարզպետարանից զանգահարել էին։ Տեղեկացրել ենք իրավիճակի մասին, լուսանկարներ փոխանցել։ Հուսանք՝ պետությունն աջակցություն կտրամադրի գյուղացիներին»,- ասաց Արման Լաչինյանը։
Հակակարկտային ցանցերը թանկ են, գյուղացիները չեն կարողանում գնել դրացից․ պայքարի հիմնական միջոցն առայժմ կայաններն են։
Գյուղատնտես Հարություն Մնացականյանն «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում տեղեկացրեց՝ Կոտայքի մարզի Նոր գեղի բնակավայրում հեկտարներով խնձորի այգիներ են վնասվել։
Կարկուտի պատճառով հիմնականում կորիզավորներն են վնասվել։ Խաղողի այգիներ ունեցողները եւս անելանելի վիճակում են հայտնվել։ Տեխնիկական սորտերի դեպքում որթերի վրա մնացած, վնասված բերքը գործարաններն ընդունում են, քանի որ պտուղը վերամշակվում է, իսկ սեղանի սորտերի պարագայում վնասված բերքն իրացնելը շատ դժվար է։
Այգիները կարկուտից պաշտպանելու ամենաարդյունավետ միջոցը հակակարկտային ցանցերն են։ Մեկ հեկտարի համար նախատեսված ցանցն արժե 20-24 հազար ԱՄՆ դոլար, ուստի մեր երկրում այգեգործների մեծ մասը չի կարողանում գնել։
«Մեր երկրի վարչապետը մի անգամ հայտարարեց՝ եղել է դեպք, որ հակակարկտային կայանի գազը յուրացրել են, ուստի տեղումների դեմ հնարավոր չի եղել քայլեր ձեռնարկել։ Բացի այդ՝ պետք է ընդգծեմ՝ այդ կայանների արդյունավետությունը 30-40 տոկոս է»,- բացատրեց գյուղատնտեսը։
Վնասված այգիներն, իսկապես, շատ են։ Այգեգործները մեծ գումարներ են ծախսել․ պարարտանյութ, թունաքիմիկատներ են գնել, ոռոգման ջրի եւ գյուղտեխնիկայի կատարած աշխատանքների համար վճարել։ Որոշ գյուղացիներ անգամ ծախսված գումարը չեն կարողանա վաստակել՝ սակավ ու վնասված բերքը վաճառելով։
«Այս տարի գյուղատնտեսական ապահովագրություն պայմանագրեր չեն կնքվել, եւ պետությունն այդ նպատակով սուբսիդավորման համար գումար չի ծախսել։ Հիմա բավական ծանր իրավիճակ է ստեղծվել, հարկավոր է գյուղացիների վնասը փոխհատուցել։ Եթե պատկան մարմինները ցանկանան, կարող են վնասի չափն էլ գնահատել, փոխհատուցում էլ տրամադրել։ Դա, իսկապես, անհրաժեշտություն է»,- եզրափակեց գյուղատնտեսը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։