ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախորդ շաբաթ կասեցրել է Իսրայելին ամերիկյան արտադրության զինամթերքի մատակարարումը։ Այս մասին գրում է Axios պորտալը՝ հղում կատարելով իսրայելցի երկու պաշտոնյաներից ստացված տեղեկություններին։
Հրապարակումից պարզ չէ՝ սա միտված ուշացում է, թե մատակարարումների ժամանակավոր դադարեցում։ Պորտալի աղբյուրները չեն հստակեցրել, թե ինչու են դադարեցվել մատակարարումները։
Ըստ նրանց՝ մատակարարումների դադարեցումը, որն առաջին անգամ է տեղի ունեցել 2023 թվականի հոկտեմբերին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո, լուրջ անհանգստություն է առաջացրել Իսրայելի կառավարության մեջ, որն արդեն ձեռնամուխ է եղել միջադեպի պատճառները պարզելուն։
Axios-ը նշում է, որ արկերի մատակարարման դադարեցումը տեղի է ունենում Միացյալ Նահանգների ներսում հնչող քննադատությունների ֆոնին, որին Բայդենը բախվում է Իսրայելին օգնություն ցուցաբերելու համար:
Բացի այդ, ԱՄՆ նախագահի աշխատակազմը մտահոգված է Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում ցամաքային գործողություն իրականացնելու Իսրայելի ծրագրերով, որտեղ ապաստան են գտել Գազա քաղաքից տեղահանված պաղեստինցի փախստականները։
Սպիտակ տունը Իսրայելին հասկացրել է, որ Ռաֆահում ռազմական գործողությունների անցկացումը կազդի Գազայի պատերազմի վերաբերյալ ԱՄՆ քաղաքականության վրա, գրում է պորտալը։
Իր հերթին իսրայելցի մեկ այլ անանուն պաշտոնյա իսրայելական Ynet-ի հետ զրույցում ասել է, որ ԱՄՆ-ն թեկուզ ընդհատումներով, այնուամենայնիվ շարունակում է զենք մատակարարել Իսրայելին։
«Հնարավոր է, որ այս կամ այն առաքումը ուշանում է, բայց հոսքը շարունակվում է, եւ մենք տեղյակ չենք այն դադարեցնելու քաղաքական որոշման մասին»,-ասել է աղբյուրը։