Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի նախկին վարչապետ Վլադիմիր Գրոյսմանին, Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի նախկին քարտուղար Ալեքսեյ Դանիլովին եւ ներքին գործերի նախկին նախարար Արսեն Ավակովին։
Բացի այս, հայտեր կան նաեւ Ուկրաինայի նախկին արտգործնախարար Պավել Կլիմկինի եւ երկրի տեղեկատվական քաղաքականության նախկին նախարար Յուրի Շտեցի համար։
Գրոյսմանը եւ Կլիմկինը հետախուզվում են Քրեական օրենսգրքի հոդվածներով։ Սակայն չի նշվում թե հստակ ինչի համար։ Ապրիլին Քննչական կոմիտեն նրանց մեղադրանք է առաջադրել Դոնբասում հրետակոծություն եւ այլ հանցագործություններ կատարելու համար։
Նույն կերպ չեն նշվում նաեւ մյուս ուկրաինացի պաշտոնյաների նկատմամբ հետախուզում հայտարարելու պատճառները։
Ուկրաինայի արտգործնախարարությունը արձագանքելով ՌԴ ՆԳՆ որոշումներին՝ պատասխան հայտարարության մեջ նշում է․ «Օգտվելով առիթից՝ ցանկանում ենք հիշեցնել, որ, ի տարբերություն ռուսական անարժեք հայտարարությունների, Միջազգային քրեական դատարանի կողմից ռուս բռնապետ Վլադիմիր Պուտինին ռազմական հանցագործությունների կատարման կասկածանքով կալանավորելու հրամանը լիովին իրական է եւ կիրառելի է աշխարհի 123 երկրներում»։
Ավելի վաղ ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում էր հայտարարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի, Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Պավլյուկի եւ Ուկրաինայի պաշտպանության նախարարության նախկին ղեկավարի Միխայիլ Կովալի նկատմամբ։
2023 թվականի վերջին Մոսկվան հետախուզում էր հայտարարել Ուկրաինայի Պետական հետախուզական ծառայության ղեկավար Կիրիլ Բուդանովի նկատմամբ։