Եվրոպայի ապագան կախված կլինի Չինաստանի հետ հավասարակշռված հարաբերություններ զարգացնելու կարողությունից։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինի եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ եռակողմ բանակցությունների մեկնարկից առաջ։
«Միջազգային իրավիճակը անշուշտ, այժմ առավել քան պարտավորեցնում է զարգացնել եվրա-չինական երկխոսությունը»,- ասել է Մակրոնը։ Նա կոչ է արել «դիմավորել եւ հաղթահարել կառուցվածքային դժվարությունները», մասնավորապես տնտեսության մեջ, որտեղ «բաժանման տրամաբանությունը կարող է վնասակար լինել»։
«Ցանկանում ենք այսօր առավոտյան՝ բարեկամության եւ վստահության մթնոլորտում ձեզ հետ կիսվել թե՛այն կետերով, որոնց շուրջ մենք համաձայն ենք, եւ թե մեր մտահոգություններով՝ փորձելով հաղթահարել դրանք, քանի որ մեր մայրցամաքի ապագան, անկասկած, կախված է լինելու նաեւ Չինաստանի հետ հավասարակշռված հարաբերություններ զարգացնելու մեր կարողությունից, ինչը մենք ցանկանում ենք»,-ասել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահը պարզաբանել է, որ բանակցությունների առաջին մասը նվիրված կլինի ԵՄ-ի եւ Չինաստանի հարաբերություններին, որոնց շրջանակներում կքննարկվեն առեւտրի, շուկայի հասանելիության, արդար մրցակցության, ներդրումների եւ ներդաշնակ զարգացման հարցեր։ Բանակցությունների երկրորդ կեսը նվիրված կլինի Ուկրաինայում եւ Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակին։
«Սրանք երկու խոշոր ճգնաժամեր են, որոնց շուրջ մեր միջեւ համակարգումը բացարձակապես անհրաժեշտ է»,-նշել է Մակրոնը։
Սի Ցզինպինն էլ նշել է, որ «ՉԺՀ-ին միշտ դիտել է Չինաստան-ԵՄ հարաբերությունները ռազմավարական եւ երկարաժամկետ տեսանկյունից»։
«Հույս ունենք, որ Չինաստանի եւ Ֆրանսիայի, ինչպես նաեւ Չինաստանի եւ ԵՄ-ի հարաբերությունները կզարգանան համատեղ»,-ասել է ՉԺՀ ղեկավարը։
Նրա խոսքով, Չինաստանը եւ ԵՄ-ն, «որպես երկու կարեւոր տերություններ աշխարհում, պետք է հավատարիմ մնան գործընկերությանը, շարունակեն երկխոսությունն ու համագործակցությունը եւ խորացնեն ռազմավարական հաղորդակցությունը»:
Սի Ցզինպինը նշել է, որ աշխարհում տիրող անհանգիստ ժամանակաշրջանում Չինաստանը եւ ԵՄ-ն պետք է ձգտեն ռազմավարական կոնսենսուսի եւ ռազմավարական համագործակցության։ Նրանք պետք է նպաստեն հարաբերությունների կայուն եւ առողջ զարգացմանը՝ միջազգային ասպարեզում խաղաղության եւ զարգացման գործում նոր ներդրում ունենալու համար, հավելել է Չինաստանի ղեկավարը։
Ուրսուլա ֆոն դեր Լեյենն էլ ուշադրություն է հրավիրել համաշխարհային շուկայի շուրջ ստեղծված իրավիճակի վրա։ Ըստ նրա Չինաստանի հետ հարաբերություններն ԵՄ-ի համար «ամենաբարդ եւ միեւնույն ժամանակ կարեւորագույններից մեկն են»։
«Շուկայի հասանելիության ներկայիս անհավասարակշռությունը կայուն չէ եւ պետք է լուծվի […]։ Եվրոպան չի կարող ընդունել շուկան խեղաթյուրող գործելաոճը, որը կարող է հանգեցնել Եվրոպայում ապաարդյունաբերականացման», — ասել է Ֆոն դեր Լեյենը: