Հայաստանին եւ Ադրբեջանին հաջողվել է համաձայնության գալ խաղաղության համաձայանագրի բազմաթիվ հոդվածների եւ հարցերի շուրջ։ Այս մասին Հունգարիայի արտգործնախարար Պիտեր Սիյարտոի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամաուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Մեր սահմանային հանձնաժողովներն են հանդիպում եւ ըստ էության սկսել են սահմանազատման գործընթացը, համաձայնության եկել սկզբունքի շուրջ: Մեր երկու երկրների ղեկավարներն են բազմաթիվ հանդիպումներ ունեցել եւ կրկին համաձայնության եկել մի քանի առանցքային հարցերի շուրջ, օրինակ, եւ ամենակարեւորը ես կնշեի այն, որ երկու երկրները վերահաստատում են փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, եւ նաեւ սահմանազատումը պետք է տեղի ունենա 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան: Արդեն, ինչպես նշեցի, սա արտացոլված է նաեւ սահմանային հանձնաժողովների աշխատանքում եւ պայմանավորվածություն կա արտացոլել սահմանազատման գործընթացի վերաբերող կանոնակարգի հիմքում եւ այլն»,-ասել է Միրզոյանը։
Շարունակելով միտքը ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ ցանկանում է «զգուշավոր լավատեսություն» հայտնել այն մասին, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ «եւս կհաջողվի համաձայնության հասնել կամ այս նույնը՝ նույն հավատարմությունն ու նույն սկզբունքը, հստակորեն արտացոլել նաեւ խաղաղության պայմանագրում»։
Ըստ Միրզոյանի դրանից հետո Բաքուն եւ Երեւանը արդեն շատ մոտ կլինեն վերջնական կարգավորմանը:
Սակայն նախարարը նշել է, որ այնուամենայնիվ դեռ կան որոշ հարցեր որոնց շուրջ կողմերը լիարժեք փոխըմբռնում չունեն։ Այդպիսիք են օրինակ տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակուման հատ կապված հարցերը։
«Այստեղ եւս մենք դեռ լիարժեք փոխըմբռնում չունենք, բայց ունենք, օրինակ, Հայաստանի շահագրգռվածությունը բացել բոլոր տրանսպորտային ենթակառուցվածքների հաղորդակցությունն Ադրբեջանի հետ՝ հիմնված երկրների սուվերենության, ազգային իրավազորության վրա, ինչպես նաեւ փոխադարձության եւ հավասարության սկզբունքներին համաձայն»,-նշել է Միրզոյանը: