Իսրայելի պաշտպանության բանակը մայիսի 7-ի առավոտյան վերահսկողության տակ է առել Գազայի հատվածի հարավային Ռաֆահ հսկիչ անցագրային կետը (ՀԱԿ) եւ դադարեցրել դրա գործողությունը։
Հիշեցնենք, որ Ռաֆահի անցակետով էր Գազայի տարածք մատակարարվում հումանիտար օգնությունը։
«Ստանալով հետախուզական տեղեկատվություն, որը հստակ ցույց էր տալիս, որ արեւելյան Ռաֆահի ՀԱԿ-ն օգտագործվում էր ահաբեկչական նպատակներով, Իսրայելի պաշտպանության բանակը կարողացավ օպերատիվ վերահսկողություն սահմանել Գազայի հատվածից Ռաֆահ ՀԱԿ-ի վրա»,-ասվում Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ։
Նախօրեին Իսրայելի ռազմական կաբինետը որոշել էր, որ Գազայի հատվածի հարավում՝ Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքում շարունակելու է ռազմական գործողությունները։ Իսրայելական կողմը հայտարարել էր, որ պատանդներին ազատ արձակելու համար շարունակելու է ճնշում գործադրել ՀԱՄԱՍ շարժման վրա, որի վերջին հենակետը Ռաֆահ քաղաքն է։