Իսրայելի ռազմական գործողությունը Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում կարող է հանգեցնել բազմաթիվ քաղաքացիական զոհերի։ Նման գնահատական լրագրողներին հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը Բրյուսելում համագործակցության հարցերով ԵՄ նախարարների հանդիպմանը ժամանելուց հետո։
«ԵՄ-ն, ԱՄՆ-ն, ՄԱԿ-ը բոլորը կոչ են արել [Իսրայելի վարչապետ Բենիամին] Նեթանյահուին չսկսել այս գործողությունը։ Սակայն հարձակումը սկսվել է երեկ երեկոյան։ Վախենում եմ, որ խաղաղ բնակչության շրջանում շատ զոհեր կլինեն, ինչ էլ ասեն։ Գազայում 600 հազար երեխա կա, անվտանգ գոտիներ չկան»,-ասել է Բորելը։
Նա նշել է, որ Եվրամիությունը ներկայումս չի քննարկում Իսրայելի դեմ պատժամիջոցները, սակայն Ռաֆահում գործողության քաղաքական հետեւանքների մասին քննարկում տեղի կունենա մայիսի կեսերին կայանալիք ԵՄ ԱԳ նախարարների հաջորդ հանդիպմանը։