Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացը կասեցնել ցանկացող ուժերի օրակարգը պատերազմն է ու այդ պատերազմի համատեքստում իշխանության գալը, ապա նաեւ մարիոնետ իշխանության ձեւավորումը։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման գործունեությանը։
«Եկեք հասկանանք, թե այս գծին ովքեր են աջակցություն հայտնում՝ օտար երկրներում ծվարած նարկոբարոններ, կրիմինալներ, որոնք իմ ունեցած բավականին հավաստի տեղեկատվությամբ հավաքագրված են օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից եւ առնվազն այդ ծառայությունների ազդեցության գործակալներ են։ Հայաստանի Հանրապետության նախկին բարձրաստիճան պաշտոնյան, ով հայտնի է նրանով, որ իրեն ձայնագրել եւ ձայնագրությունը հրապարակել, բայց ձայնագրությունն ամբողջական չի եղել, դրա մի մասն օգտագործվել է որպես ահաբեկման գործիք, իսկ մյուս մասն օգտագործվել է այդ պաշտոնյային առնվազն որպես ազդեցության գործակալ օգտագործելու համար»,- ասել է Հայաստանի վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը հաջորդիվ հաստատել է, որ ձայնագրությունների մասով ի նկատի ունի Հայաստանի ազգային անվտնագության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին։
«Չեմ բացառում, որ այդ ձայնագրության մեջ կարող էր լինել այլ բնույթի՝ անձնական ոչ անձնական հազար ու մի բան եւ հիմա, այդ մարդիկ հայրենիքի մասի՞ն են մտածում»,-հավելել է վարչապետը։