Ակնհայտ է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը առաջնորդում է քաղաքական շարժում: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դա բավականին պարզ երեւում է։
Նրա խոսքերով Տավուշից սկսված քայլերթի ու դրա համատեքստում տեղ գտած քաղաքական «գործընթացների առաջնորդը Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, իսկ թիվ մեկ շահառուն «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը»։
Փաշինյանի կարծիքով Կաթողիկոսի նման գործելակերպի նպատակը հենց նախկին երկու իշխանություններին կրկին իշխանության բերելն է։
«Ինչո՞ւ պետք է Կաթողիկոսն առաջնորդի քաղաքական շարժում, ընդ որում հիմա պարզ է այդ շարժման նպատակը, որովհետեւ շարժման խոսնակը դրա մասին հայտարարել է, ինչպես իրենք են ձեւակերպում, նպատակն է նախորդ իշխանությանը Հայաստանում իշխանության բերելը եւ ըստ ամենայնի նախորդ եւ նախորդ իշխանությանը»,-նշել է վարչապետը։