Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է, որ իր սպաները բացահայտել են նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ երկրի այլ բարձրաստիճան ղեկավարների սպանության ծրագիր։ Սպանությունները նախապատրաստելու մեջ Ուկրաինայի հատուկ ծառայությունը մեղադրել է Ռուսաստանի իշխանություններին։
Գերատեսչության տվյալներով՝ ծրագրվում էր սպանել ոչ միայն նախագահ Զելենսկուն, այլ նաեւ Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովին եւ Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Իվան Մալյուկին։
Գործողության շրջանակներում ձերբակալվել են Ուկրաինայի պետական անվտանգության ծառայության երկու գնդապետներ, որոնք պատասխանատու էին նախագահի անվտանգության համար։
«ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության հետախուզական ցանցի խնդիրներից մեկը նախագահի անվտանգությանը մոտ կանգնած զինվորականների մեջ կատարողներ փնտրելն էր, որոնք կկարողանային էին պատանդ վերցնել պետության ղեկավարին եւ հետագայում սպանել նրան»,-ասվում է Ուկրաինայի անվտանգության ծառայության տելեգրամյան էջում։
Ըստ գերատեսչության, Բուդանովի սպանությունը ծրագրվել էր Զատիկից առաջ։ Սպանության ծրագրի համաձայն «հավաքագրված գործակալը պետք է դիտարկեր հսկողության տակ գտնվող անձի տեղաշարժը եւ տեղեկատվությունը փոխանցեր հակառակորդին», իսկ հետո «նախատեսվում էր հրթիռային հարված հասցնել այն տան կոորդինատներով, որտեղ պետք է գտնվեր պաշտոնյան»։
Դրան պետք է հաջորդեր անօդաչու թռչող սարքի հարվածը տեղում մնացած մարդկանց, ինչպես նաեւ եւս մեկ հրթիռային հարված:
Հետաքննությունը պնդում է, որ հետախուզական ցանցի գործունեությունը Մոսկվայից վերահսկել է ԱԴԾ 5-րդ ծառայությունը։
Կասկածյալները խուզարկվել են, որի ընթացքում հայտնաբերվել են զենքեր եւ «սպանությունների կազմակերպմանն առնչություն ունենալու այլ ապացույցներ»։ Նրանք կասկածվում են պետական դավաճանության մեջ (Ուկրաինայի ՔՕ 111-րդ հոդվածի 2-րդ մաս) եւ ահաբեկչության նախապատրաստման մեջ (Ուկրաինայի ՔՕ 259-րդ հոդվածի 2-րդ մաս):