Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից երդմնակալության արարողությանը մասնակցելու հրավեր չի ստացել։ Նա այս մասին ասել է ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ չի մասնակցել Պուտինի երդմնակալությանը այն դեպքում, երբ ավելի վաղ մասնակցել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը։
Փաշինյանը նշել է, որ Թուրքիայի նախագահից երդմնակալությանը մասնակցելու հրավեր այն ժամանակ ստացել էր, եւ հաշվի առնելով նաեւ հայ-թուրքական օրակարգը եւ դրա առանձնահատկությունը որոշում է կայացրել մասնակցել դրան։
«Ռուսաստանի նախագահից հրավեր, կարծես թե, չեմ ստացել, բայց եթե հրավեր ստանայի, այսօրվա այս խոսակցությունը պակաս կարեւոր չէ ինձ համար, որովհետեւ, ակնհայտորեն, շատ կարեւոր հարցեր ենք քննարկում»,-ասել է վարչապետը։