Եթե իրագործվեն Ռուսաստանի Դաշնության տարածքում բրիտանական զենքով Կիեւի հարվածների վերաբերյալ Լոնդոնի սպառնալիքները, ապա Ռուսաստանը իրավունք կունենա հարվածել բրիտանական թիրախներին Ուկրաինայում եւ դրանից դուրս։ Այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Եթե նման սցենարը իրագործվի, ապա մեր երկիրը՝ Ռուսաստանի Դաշնությունը, իրեն իրավունք է վերապահում արձագանքել համապատասխան ձեւով, այսինքն՝ որպես թիրախ օգտագործել բրիտանական օբյեկտները, որոնք գտնվում են ինչպես Ուկրաինայի տարածքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս՝ ռազմական օբյեկտները, զենքերը եւ այսպես շարունակ»,-ռուսական TACC-ի հետ զրույցի ժամանակ ասել է Զախարովան։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը հայտարարել էր, որ Լոնդոնը կարծում է, որ Ուկրաինան իրավունք ունի Միացիալ Թագավորության տրամադրած զինատեսակները օգտագործել օկուպացրած շրջաններում եւ Ռուսաստանի տարածքում հարվածներ հասցնելու համար։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը Քեմերոնի այս հայտարարությունը որակել է որպես «բացարձակ խելագարություն»։
«Ի թիվս այլ բաների, այս հայտարարությունը ոչ միայն ոչ լեգիտիմ է, այլեւ անտրամաբանական, քանի որ Բրիտանիան ինքը ոչ վաղ անցյալում բառացիորեն հակառակը հայտարարեց»,-ասել է Զախարովան։
Նախօրեին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ նախարարություն է հրավիրվել Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Նայջել Քեյսին։ Ըստ գերատեսչության դեսպանին խիստ բողոք է հայտնվել կապված Քեմերոնի հայտարարությունների հետ։
Քեյսին նախազգուշացվել էր, որ «ռուսական տարածքում բրիտանական զենքի կիրառմամբ ուկրաինական հարվածներին պատասխան կարող է լինել ցանկացած բրիտանական ռազմական օբյեկտ եւ տեխնիկա Ուկրաինայի տարածքում եւ դրանից դուրս»: