Ռուսաստանի կառավարության նախկին փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ ռուսները դեռ պետք է զգան ուկրաինական պատերազմի դժվարությունները։ «Պատերազմի ողջ ցավը դեռ չի զգացվել, ամբողջ արյունը դեռ առջեւում է», — ասվում է նախկին պաշտոնյաի տելեգրամյան ալիքում հրապարակված գրառման տեքստում։
«Մեզ, երկրին, մեր ժողովրդին դժվար փորձություններ են սպասում։ Հաղթանակը մեզ համար դժվար է լինելու, դրա գինը մեծ է լինելու, եւ այո՛ այդ Հաղթանակը շուտ չի գալու» ,-ասվում է գրառման մեջ։
Ռոգոզինը ռուսական 2022 թվականի սեպտեմբերի մոբիլիզացիան գրառման մեջ անվանել է «առաջինը», եւ այս ձեւակերպումից հետեւում է, որ առջեւում սպասվում է մոբիլիզացիայի նոր ալիք։
Նա նշում է, որ «պատերազմը շուտով կարող է հասնել յուրաքանչյուր տուն»։
«Պատերազմը լինելու է ժողովրդական պատերազմ՝ սեփականը էլ ավելի մեծ թվով ռուսական ընտանիքների համար»,-ասվում է գրառման մեջ։
Թե ինչի հետ են կապված իր կանխատեսումները, քաղաքական գործիչը չի պարզաբանել։
Ավելի վաղ փորձագիտական ենթադրություններ էին հնչել, որ Ռուսաստանում մոբիլիզացիայի նոր ալիք կարող է հայտարարվել մայիսի 7-ին նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնավարման նոր ժամկետի մեկնարկից հետո:
Ռոգոզինը Ռուսաստանի կառավարության փոխվարչապետն էր 2011-ից 2018 թվականներին, ապա նաեւ ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ։ Այժմ նա Դաշնային խորհրդի անդամ է՝ նշանակված Զապորոժիեի մարզից, որի բռնակցման մասին Մոսկվան հայտարարել էր 2022 թվականի սեպտեմբերին։