Հուլիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյուքնում ընդունվող հռչակագրի տեքստում, Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստվում է հստակորեն ընդգծել ուկրաինական պատերազմին մասնակցելու համար զորքեր ուղարկելու մերժումը, այս մասին գրում է Corriere della Sera-ն՝ հղում կատարելով արդեն կազմված վերջնական հայտարարության տեքստին։
Բացի այդ, ինչպես հաղորդում է պարբերականը, հռչակագրում նախատեսվում է նշել, որ Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից Ուկրաինային ռազմական օգնության համակարգողը կլինի ոչ թե Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը, ինչպես դա տեղի է ունենում այժմ, այլ Բրյուսելի ՆԱՏՕ-ի շտաբը։
Corriere della Sera-ն նշում է, որ Ուկրաինային օգնության հիմնական մասը տրամադրվում է ոչ թե ԱՄՆ-ի, այլ Դաշինքի մյուս անդամների կողմից։ Այս քայլը նաեւ քաղաքական բացատրություն ունի, գրում է հրատարակությունը, ՆԱՏՕ-ի կառույցների կողմից օգնության համակարգումը «ավելի ժողովրդավարական տեսք կունենա ինչպես հասարակության, այնպես էլ Վլադիմիր Պուտինի աչքում»։ Հակառակ դեպքում ՆԱՏՕ-ի մոտեցումը Ուկրաինային օգնելու եւ Ռուսաստանի կողմից բխող վտանգը կանխելու հարցում չի փոխվի։ Մասնավորապես, Հյուսիսատլանտյան դաշինքը կշարունակի ամրապնդել իր արեւելյան սահմանները, որպեսզի անհրաժեշտության դեպքում մինչեւ 300 հազար զինվորական կարողանա արագորեն անցնել «բալթյան երկրներից մինչեւ Բուլղարիա» ձգվող սահամնագծի պաշտպանությանը։
ՆԱՏՕ-ի անդամները նաեւ հնարավորություն են փնտրում Ուկրաինային լրացուցիչ Patriot զենիթահրթիռային համակարգեր մատակարարելու համար։ Ուկրաինայի իշխանությունների հաշվարկների համաձայն՝ 25 նման համալիրներ բավարար կլինեն երկրի ողջ օդային տարածքը պաշտպանելու համար, իսկ յոթ Patriot-ներ հնարավորություն կտան փակել հիմնական արդյունաբերական կենտրոնները ռուսական օդային հարձակումներից։
Սակայն մինչ այժմ, գրում է Corriere della Sera-ն, նախնական պայմանավորվածություններ կան միայն Գերմանիայից եւ Իսպանիայից երկու ՀՕՊ համակարգերի մատակարարման վերաբերյալ։
Այսօր արդեն Patriot համալիրի մեկ մարտկոց ուղարկելու հնարավորությունը չէր բացառել նաեւ Ռումինիայի նախագահ Յոհանսոնը, ով այդ մասին հայտարարել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ։
ՀՕՊ համալիրի մատակարարմանը պատրաստակամ է նաեւ Նիդեռլանդները, սակայն երկրի ղեկավարությունը քննարկում է դրա իրավական ասպեկտները, մինչդեռ Լեհաստանն ու Հունաստանը արդեն հստակ մերժել են նման առաջարկները: