Մոսկվան պահանջում է խստորեն պահպանել միջազգային մարդասիրական իրավունքի դրույթները՝ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունների մեկնարկի ֆոնին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Որպես լրացուցիչ ապակայունացնող գործոն, այդ թվում ողջ տարածաշրջանի համար, Իսրայելի ցամաքային ռազմական գործողության մեկնարկն էր Գազայի հարավում գտնվող Ռաֆահում: Այնտեղ կենտրոնացած է մոտ մեկուկես միլիոն պաղեստինցի խաղաղ բնակիչ։ Կապված այս ամենի հետ մենք պահանջում ենք խստորեն պահպանել միջազգային մարդասիրական իրավունքի դրույթները»,-ասել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը։
Նա նաեւ նշել է, որ Մոսկվան ակտիվ ջանքեր է գործադրում Գազայի հատվածում պահվող Ռուսաստանի եւ այլ երկրների քաղաքացիներին ազատելու համար։
«Ուզում եմ ընդգծել, որ Ռուսաստանը ակտիվ ջանքեր է գործադրում Գազայում պահվող ռուսներին եւ այլ երկրների քաղաքացիներին ազատելու համար։ Ներկայիս իրավիճակը հաստատում է մեր երկրի դիրքորոշումը ճգնաժամի սուր փուլը հաղթահարելու ջանքերի հետ մեկտեղ՝ սկսել պայմաններ ստեղծել պաղեստինցիների եւ իսրայելցիների միջեւ վերջնական կարգավիճակի հարցերի ողջ շրջանակի շուրջ ուղիղ երկխոսություն հաստատելու համար»,-ասել է Զախարովան։
Նա պարզաբանել է, որ իր նշած գործընթացի արդյունքը պետք է լինի միջազգայնորեն 1967 թվականի սահմաններով եւ Արեւելյան Երուսաղեմն մայրաքաղաքով Պաղեստին պետության ստեղծումը՝ միջազգայնաորեն ճանաչված «երկու պետություն» բանաձեւի հիման վրա։