ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բերնսը ժամանել է Իսրայել, որտեղ հանդիպել է երկրի գլխավոր հետախուզական ծառայության՝ «Մոսադի» ղեկավար Դեյվիդ Բարնեայի հետ, ապա բանակցություններ վարել հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Այս մասին գրում է Ynet պորտալը՝ այլ մանրամասներ չհայտնելով։
Ըստ The Times of Israel-ի՝ Նեթանյահուի եւ Բերնսի հանդիպմանը, բացի Բարնեայից, կմասնակցեն նաեւ Իսրայելի ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերը եւ հրեական պետության այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Պարբերականը հղում անելով իսրայելցի անանուն պաշտոնյային նաեւ հայտնում է, որ Իսրայելը էական առաջընթացի նշաններ չի տեսնում ՀԱՄԱՍ-ի հետ այս օրերին Կահիրեում ընթացող բանակցություններում, որոնք վերաբերվում են Գազայի հատվածում զինադադարին եւ պատանդների ազատ արձակման շուրջ գործարքին։ Չնայած նման գնահատականին, իսրայելական տեխնիկական մասնագետների պատվիրակությունը մնում է Եգիպտոսի մայրաքաղաքում՝ շարունակելու խորհրդակցությունները, գրում է պարբերականը։