Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ մայիսի 8-ին կարտաքսի Ռուսաստանի ռազմական կցորդին եւ դիվանագիտական կարգավիճակից կզրկի մի քանի անշարժ գույք:
Ներքին գործերի նախարար Ջեյմս Քլեւերլին հայտարարել է, որ այդ միջոցները ձեռնարկվում են ի պատասխան Ուկրաինայում ռուսական ագրեսիային, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայում եւ Եվրոպայում Մոսկվայի չարամիտ գործողություններին, որոնց թվում են նաեւ կիբերհարձակումներն ու լրտեսությունը:
«Այսօր արտգործնախարարի հետ միասին հայտարարում եմ միջոցառումների փաթեթ՝ Ռուսաստանին ուղերձ հղելու համար, որ մենք չենք հանդուրժի նման ակնհայտ էսկալացիան։ Ռուսաստանին ուղղված մեր ուղերձը պարզ է. Դադարեցրեք այս անօրինական պատերազմը, դուրս բերեք ձեր զորքերը Ուկրաինայից, դադարեցրեք այս վնասակար գործողությունները»,- ասել է Քլեւերլին՝ ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում։
Մեծ Բրիտանիայից կվտարվի ռազմական կցորդը, ով, ըստ Լոնդոնի, ռուսական ռազմական հետախուզության սպա է։
Այն վայրերը, որոնք նախատեսվում է զրկել դիվանագիտական ստատուսից, գտնվում են Սասեքսում եւ Լոնդոնի Հայգեյթ թաղամասում:
«Դիվանագիտական կարգավիճակը կհեռացվի Մեծ Բրիտանիայում գտնվող մի շարք ռուսական սեփականությունների վրայից, այդ թվում՝ Սիքոքս Հիթի, որը ռուսական պատկանելիություն ունեցող սեփականությունն է Սասեքսի դքսությունում, եւ առեւտրի ու պաշտպանության գրասենյակի՝ տեղակայված Հայգեյթում, որոնք ենթադրաբար օգտագործվել են հետախուզական նպատակներով»,-ասվում է կառավարության հայտարարության տեքստում։
Սահմանափակումներ են մտցվելու նաեւ ռուս դիվանագետների մուտքի արտոնագրերի տրամադրման հարցում, մասնավորապես՝ կսահմանափակվի Մեծ Բրիտանիայում նրանց գտնվելու ժամկետը։
Նախարարը նաեւ ենթադրել է, որ Մոսկվան ի պատասխան Լոնդոնի վերջին գործողությունների հանդես կգա ռուսաֆոբիայի մեղադրանքներով եւ կտարածի դավադրության տեսություններ։
«Առաջիկա օրերին Ռուսաստանի կառավարությունից պետք է ակնկալել ռուսաֆոբիայի, դավադրության տեսությունների եւ հիստերիայի մեղադրանքներ։ Մենք ուշադիր հետեւելու ենք Ռուսաստանի պատասխան գործողություններին, որպեսզի տեսնենք, թե արդյո՞ք նրանք ձգտում են սրել իրավիճակը»,-ասել է Քլեւերլին։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արդեն հայտարարել է, որ Մոսկվան համարժեք պատասխան կտա Լոնդոնի որոշմանը։
Նախորդ շաբաթ մի քանի եվրոպական երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, Լեհաստանը եւ Չեխիան, նույնպես հայտարարել էին, որ իրենց ենթակառուցվածքների վրա Մոսկվայից ղեկավարվող կիբերհարձակումներն տուժել են: