Երեւի մի տասը տարի առաջ, երբ հոդված գրեցի, որ ղարաբաղցին/արցախցին ֆենոմեն չէ, սովորական հայ մարդ է՝ իր առավելություններով եւ թերություններով, Ստեփանակերտի ազգային-հայրենասիրական ուժերի եւ տնաբույս պատմաբան-քաղաքագետների աչքի փուշը դարձա:
Քառասունչորսօրյա պատերազմից հետո առաջիններից մեկն ահազանգեցի «մարդաբանական տեսության» դեմ, ըստ որի հայի «երկու տեսակ, երկու ինքնություն կա»: Իբր լեռնական հայը դիմադրող է, դաշտաբնակը՝ հարմարվողական: Այդ «ցեցը» հեռագնա նպատակ ուներ, համոզված եմ:
Պատերազմից հետո, որքան հասկացել էի Ստեփանակերտում ու Երեւանում ունեցած շփումներից, փորձ է արվել ներդնել «հերոսական Լեռնահայաստանի» աշխարհաքաղաքական նախագիծ: Եթե հակիրճ, ապա այն նախատեսվում էր ստեղծել ԼՂ հայկական մնացած մասի եւ Սյունիքի միավորմամբ:
Նախնական փուլում, իհարկե, պետական այդ կազմավորումը կունենար «գեներալ-գուբերնատորության» կարգավիճակ: Հետո, երբ «հարմարվողական Հայաստանը» կընդուներ արեւմտյան, եվրաատլանտյան կողմնորոշում՝ «Լեռնահայաստանը» ռուսական զորախմբի ներկայությամբ կվերածվեր Ադրբեջանի կազմում «կուլտուր-ազգային ինքնավարության»:
Իրանի հոգեւոր առաջնորդի գլխավոր խորհրդական Վելայեթին, որ ժամանակին ԻԻՀ արտաքին գործերի նախարարն է եղել եւ ղարաբաղյան խնդրին քաջատեղյակ է, ինչպես ասում են՝ դեռ խանձարուրից, վերջերս հայտարարել է, որ, ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում թուլացել է, եւ Իրանը միակ երկիրն է, որ թույլ չի տվել «Թուրքիային ձեռնտու միջանցքի ուժային բացումը»:
Ըստ երեւույթին, Իրանը դեմ է եղել նաեւ «Լեռնահայաստանի» հռչակման նախագծին: Մի քանի օր առաջ Բաքվում Իրանի նախկին դեսպան Սոլեյմանին, որն, ի դեպ, էթնիկ ազերի-թուրքախոս է, haqqin.az-ին տված հարցազրուցում բացահայտ դժգոհել է Ռուսաստանից եւ ասել, որ նա «Հարավային Կովկասում Իրանին ոչինչի չի թողել, քանի որ հզոր Իրան չի ուզում տեսնել»:
Տասնամյակներ շարունակ հայ իրականությունը, թող թույլ տրվի ասել՝ ինքնագուրգուրվել է օդեղեն մի գաղափարով, որ Իրանը «երբեք թույլ չի տա, որ արաքսամերձ տարածքները վերածվեն իր դեմ ռազմական հենակետի»:
Մոտ ապագայում Իրանի եւ Ադրբեջանի նախագահներն, ամենայն հավանականությամբ, կհանդիպեն իրանա-ադրբեջանական սահմանին՝ Հոդափերինի կամրջի հատվածում, կմասնակցեն երկու խոշոր ջրամբարները շահագործման հանձնելու հանդիսավոր արարողությանը: Տարածքներն անցել են Ադրբեջանի վերահսկողությանը, այդ համատեղ հիդրոծրագիրը տնտեսա-կոմունիկացիոնից բացի, անկասկած, ունի նաեւ անվտանգային բաղադրիչ:
Ֆենոմենալ Արցախը չէր կարող սովամահ լինել, իրեն զրկել կենցաղային տարրական հարմարություններից կամ գլխովին ենթարկվել ցեղասպանության: Շրջափակման վերջին երկու-երեք ամիսներին սոցիալական ցանցերը հեղեղված էին «ճանապարհը բացեք, դժոխքից փրկվենք» որակի գրառումներով:
Ֆենոմենալ Սյունիքը չէր կարող կենդանի մարմնով փակել Շուռնուխի ճանապարհը: Ֆենոմենալ Տավուշը «սահմանազատումը» կասեցնելու ներուժ չունի:
Այդ կարգի, ամենից առաջ՝ պատերազմի եւ խաղաղության, պետական իքնության եւ ազգային քաղաքակրթության պահպանման, խնդիրները լուծում է ֆենոմենալ պետությունը: Մենք ղարաբաղյան առաջին պատերազմում այդ պետությունն ունեինք: Մենք այդ պետությունը մսխեցինք 1998-ի հունվարի 7-8-ին եւ դեռ շատ հեռու ենք վերագտնումից:
Լինում է իրավիճակ, երբ առաջընթացի միակ հնարավորությունն անցյալին վերադարձն է: Ոչ, իհարկե, ուղղակի, այլ էթնո-քաղաքակրթական ինքնության ռենեսանսի առումով: Կունենա՞նք այդ վերածնունդը:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։