Մայիսի 1-ին Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց օտարերկրյա գործակալների մասին իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացրած օրինագծին։ Կողմ էին քվեարկել 83 պատգամավոր եւ դեմ՝ 23-ը։ Սրան զուգահեռ Թբիլիսիում շարունակվում էին բազմահազարանոց բողոքի ցույցերը, որոնք ավարտվեցին ոստիկանական ուժերի հետ բախումներով։ Նոր օրենքը քաղաքացիների մեծամասնությունը դիտարկում է որպես Կրեմլի աճող ազդեցության ցուցիչ:
Վրաստանում տեղի ունեցածը լուրջ քննադատության ենթարկվեց ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի կողմից, սակայն վրացական իշխանությունները ցանկացած հայտարարության արձագանքում են առավել կոշտ ձեւակերպումներով՝ պնդելով, որ օրինագիծը խորհրդարանի օրակարգից չի հեռացվելու։
Aliq Media-ն խնդրել է Aliq Ru-ի («Լավա Մեդիա») ռուս գործընկերներին պատմել, թե ինչպես է նույն օրենքն ընդունվել Ռուսաստանում եւ ինչ հետեւանքների է հանգեցրել այն:
Ստորեւ թարգմանաբար ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ:
Աղմկահարույց «Օտարերկրյա գործակալների» օրենքի կիրարկումը Ռուսաստանում
«Ռուսական օրենք» անվանումը ստացած «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարելի է համարել իրավական կամայականության ստանդարտ օրինակ, երբ առաջին հայացքից ավելի քան 10 տարի առաջ ներդրված անվնաս նորմը համակարգված կերպով խստացվում է, կորցնում օրենքի կիրառման տրամաբանական շրջանակը։ «Օտարերկրյա գործակալի» կարգավիճակը ռուս լրագրողների, ինչպես նաեւ հասարակական եւ քաղաքական գործիչների համար դարձել է կորոնավիրուսի նման մի բան, որն անհասկանալի պատճառներով երբեմն կարող է շրջանցել ոմանց, հնարավոր է` ախտանիշերը չերեւան, բայց կարող է անգամ կյանքի գին ունենալ։ Եվ, ըստ երեւույթին, այս վարակը դեռեւս չի հասել իր գագաթնակետին, իմա` մահացության։
Նպատակային միջոցառումներից մինչեւ զանգվածային խտրականություն
Վերջին մի քանի տարիների ընթացքում Ռուսաստանում «օտարերկրյա գործակալի» կարգավիճակը կերպարանափոխվել է՝ դրսից առնվազն նվազագույն գումար ստացող անհատի կամ կազմակերպության համար, որն իշխանությունների կարծիքով, «զբաղվում է քաղաքական գործունեությամբ», խիստ նվաստացուցիչ, բայց ամեն դեպքում նոմինալ պիտակից վերածվել է իրական պատժիչ գործիքի։ «Օտարերկրյա գործակալ» տերմինը, թեեւ ռուսական օրենսդրության մեջ հայտնվել է դեռեւս 2012 թվականին, առաջին 5-7 տարիների ընթացքում այն գործնականում չէր արձանագրվում լայն հանրային դիսկուրսում։ Գաղափարի անհեթեթությունը, սակայն, տեսանելի էր նույնիսկ այն ժամանակ։ Առաջին «օտարերկրյա գործակալների» թվում էին դեռեւս 2014-ին «Голос» ( «Ձայն» ) շարժումը (ընտրությունների ընթացքում դիտորդական գործունեությամբ զբաղվող կազմակերպություն է, խմբ.), «Դոնի կանայք» իրավապաշտպան կազմակերպությունը (զբաղվում են չեչենական պատերազմների եւ Բեսլանի ահաբեկության զոհերի հարցերով) եւ «Սոցիալական քաղաքականության եւ գենդերային հետազոտությունների կենտրոնը» (զբաղվում է կանանց իրավունքներով եւ ընտանեկան բռնության խնդիրներով):
Արդարադատության նախարարությունը, չգիտես ինչու, «Հակակոռուպցիոն հիմնադրամին» (Ալեքսեյ Նավալնի) հասավ 2019 թվականին միայն։ Վերջինս ցուցակում հայտնվեց 195-րդ տեղում եւ բառացիորեն անմիջապես սկսեց տուգանքներ ստանալ որոշակի կանոնակարգեր չկատարելու համար՝ առավելագույնը 500 հազար ռուբլի: Հիմնականում Նավալնիի հայտնիության, իր ակնհայտ ռուսամետության եւ արդարության համար պայքարի, ինչպես նաեւ «Հակակոռուպցիոն հիմնադրամի» տուգանքները վճարելու համար «ազգային հավաքագրումների» շնորհիվ շատ հայրենասեր ռուսներ համոզվեցին «օտարերկրյա գործակալների» օրենքի անհեթեթության մեջ:
Այնուամենայնիվ, «օտարերկրյա գործակալի» կարգավիճակն իսկապես լայնորեն քննարկվող երեւույթ դարձավ միայն 2021 թվականին, երբ իշխանություններն այն «շնորհեցին» Meduza հրատարակությանը` պարտավորեցնելով սոցիալական ցանցերում բոլոր հրապարակումներն ու հաղորդագրությունները նշել հատուկ հերքումով։
Հատկանշական է, որ Meduza-ի խմբագիրները գործել են շատ կրեատիվ՝ խնդրելով ընթերցողներին ուղարկել իրենց սեփական ձայնով ուղեկցվող բացատրական տեքստը՝ փոդքասթերում օգտագործելու համար: Բառերը պետք է դանդաղ ընթերցվեին. օրենքով, աուդիո ձեւաչափով նախազգուշացումը պետք է տեւեր առնվազն 15 վայրկյան: Բայց մարդիկ տարբերակներ գտան անհատականությունը դրսեւորելու այլ ձեւերով՝ փոխելով ինտոնացիան, առոգանությունը, ձայնի բարձրությունը կամ, օրինակ, քահանայի խոսք նմանակելով:
Լրագրողների շրջանում հերքման տեքստը ստացել է անպարկեշտ, բայց տեղին անուն` «ебала»: «Դուք կիրառելո՞ւ եք ебала-ն»,- հարցնում էին նորանշանակ «օտարերկրյա գործակալ-ֆիզիկական անձանց», երբ այդ կարգավիճակը սկսեց տարածվել նրանց վրա՝ սկսած 2020 թվականից։
Ուրբաթ օրը ողջ ռուսաստանյան քաղաքականացված հասարակության համար դարձել է ծիսական օր. շաբաթվա վերջի ժամը 21:00-ից մինչեւ 22:00-ն արդարադատության նախարարությունն իր կայքում տեղադրում է «օտարերկրյա գործակալների» նոր ցուցակը: Երբեմն, սակայն, դա չի վերբեռնվում, ինչն արդեն ավանդույթը խախտելու տպավորություն է ստեղծում:
Մեր օրերում քչերը կհիշեն, որ գոյություն ունեն «օտարերկրյա գործակալների» մի քանի տեսակներ։ Եվ եթե կազմակերպությունը (ՀԿ կամ լրատվամիջոց), թեեւ դժվարությամբ եւ ֆինանսական կորուստներով, այնուամենայնիվ կարող է դիմակայել խտրական կարգավիճակ ստանալու հետեւանքներին, ապա անձնական մակարդակում գործակալ որակվելն իսկապես վատ նորություն է, հատկապես եթե դուք չունեք որակյալ իրավական աջակցություն:
Եթե հիմա վերընթերցեք ռուս քաղաքական գործիչների եւ լրագրողների ընդամենը մի քանի տարի առաջ արված օրենքի մասին հայտարարությունները, կզարմանաք, թե ինչպիսի անհեթեթություն է այն: «Դոժդ» հեռուստաալիքի խմբագիր Տիխոն Ձյադկոն, օրինակ, պնդում էր, որ որոշ լրատվամիջոցներ, այդ թվում՝ RT-ն եւ ՏԱՍՍ-ը, տարբեր ժամանակներում մասնակցել են ԵՄ այն նախագծերին, ինչի համար «Դոժդ»–ը համարվել է «օտարերկրյա գործակալ»: Այլ տարօրինակ պատմություններ էլ են արձանագրվել. օրինակ` Հայաստանի քաղաքացուց 200 ռուբլի ստանալու համար «օտարերկրյա գործակալ» պիտակավորումը: Սա որոշ ժամանակ շփոթություն առաջացրեց. կազմակերպությունները պարզապես վախենում փոխանցումով գումար ստանալ Բելառուսի, Ուկրաինայի կամ Ղազախստանի քաղաքացիներից, ինչը կփչացնի իրենց սովորական կյանքը: Ի վերջո, սակայն, ակնհայտ դարձավ, որ, ըստ էության, որոշումները կայացվում են զուտ կամավորության սկզբունքով․ երբ դա պետք է իշխանություններին կամ նրանց որոշ օղակներին։ Այժմ սովորական անձնական վրեժխնդրության դեպքերն այլեւս հազվադեպ չեն։
Ժամանակի ընթացքում փոխվել է պետության մոտեցումն իր որոշումը բացատրելու հարցում։ Սկզբում ցուցակում ընդգրկվելու պատճառը պարզելու համար պետք էր դիմել դատարան եւ սպասել արդարադատության նախարարության պատասխանին։ Արդարադատության նախարարությունն այնուհետեւ սեփական կայքում հերթական ցուցակը հրապարակելիս, «ինոագենտ» համարվող կազմակերպության կամ ֆիզիկական անձի անվան դիմաց սկսել է գրել երկրի անունը, որից իբր` ֆինանսավորվում է։ Շատ հաճախ դա Ուկրաինան էր, ինչը միայն ուժեղացնում էր աբսուրդի աստիճանը: Պարզապես անհնար էր պատկերացնել, որ ուկրաինական ՀԿ-ները եւ հատկապես պետությունը կարող են գումար հատկացնել ռուս լրագրողներին կամ, օրինակ, Մաքսիմ Գալկինին։ Այժմ գրանցամատյանը ներառում է կարճ բացատրություն՝ «Ռուսաստանի իշխանությունների գործունեության մասին կեղծ տեղեկությունների տարածում» եւ «Ռուսաստանից դուրս բնակվող» ձեւակերպումներով։
Օրենքը որպես «համաշխարհային պրակտիկա» հիմնավորելիս ռուսական իշխանությունները հաճախ բերում էին ամերիկյան FARA-ի օրինակը, որը ներդրվել է դեռեւս 1930-ականներին՝ գերմանական ազդեցության դեմ պայքարելու նպատակով: Ավելի ուշ այս օրենքը սկանդալային կերպով կիրառվեց նաեւ ամերիկացի կոմունիստների նկատմամբ: Ռուսական տեսակետի առաջամարտիկները, փորձագետները եւ լրագրողները, այդ թվում, օրինակ, Եկատերինա Շուլմանը եւ Ալեքսեյ Վենեդիկտովը, բազմիցս ուսումնասիրել են այս փաստարկի անհամապատասխանությունը հենց այն պատճառով, որ ռուսական օրենսդրությունը, ի տարբերություն ամերիկյան իրավունքի, ոչ մի կերպ չի նշում կապը գործակալի եւ «գործատուի», կամ` հրաման տվողի միջեւ:
Իսկապես, եթե օտարերկրյա հիմնադրամը ձեզ դրամաշնորհ է տրամադրել ռուսական ընդդիմության գործունեությունը բացառապես դրական լույսի ներքո ներկայացնելու համար, ապա դա բավականին մեծ արտաքին ազդեցություն է ներքաղաքական գործընթացների վրա։ Հիշյալը, սակայն, դեռեւս ապացուցման կարիք ունի, եւ միանգամայն հնարավոր է, որ գործակալի եւ «հրաման տվողի» միջեւ որեւէ կապ չլինի։ Օրինակ, «Դոժդ»-ի լրագրողը կարող է իր քարտի վրա գումար ստանալ օտարերկրյա գործընկերոջից որպես ծննդյան նվեր եւ ոչ որպես հոնորար Պուտինի դեմ հրապարակումների շարքի համար։ Զարմանալի է նաեւ մարդկանց այն լայն շրջանակը, ովքեր կարող են ճանաչվել որպես օտարերկրյա գործակալներ.
- ռուսական կամ օտարերկրյա իրավաբանական անձ, անկախ նրա կազմակերպչական եւ իրավական ձեւից,
- հասարակական միավորում, որը գործում է առանց իրավաբանական անձ ձեւակեպվելու, անձանց այլ միավորումներ, օտարերկրյա կառույց՝ առանց իրավաբանական անձ ձեւակերպելու,
- ֆիզիկական անձ՝ անկախ նրա քաղաքացիությունից։
Դժվար թե որեւէ մեկին զարմանալի թվա, որ Deutsche Welle-ի, BBC-ի եւ «Ազատություն» ռադիոկայանի հրապարակումները ֆինանսավորվում եւ աջակցվում են արտասահմանյան կառույցների կողմից, բայց եթե այդ հրապարակումները ներառված են եղել ռուսաստանյան օտարերկրյա գործակալների ցանկում, ապա ինչու չեն բոլոր արտասահմանյան հրատարակությունները, որոնք ռուսերենով նյութեր են հրապարակում, օտարերկրյա գործակալներ: Հետաքրքիր է, թե ինչո՞ւ «Սինհուա» լրատվական գործակալությունը դեռեւս չի գրանցվել որպես «օտարերկրյա գործակալ», եթե ուկրաինացի լրագրող Ռոման Ցիմբալյուկը, որը մինչեւ 2022 թվականը պարբերաբար մասնակցում էր Վլադիմիր Պուտինի մամուլի ասուլիսներին, «օտարերկրյա գործակալ» է:
Դիմակների ժամանակներն անցել են, դրանք բոլորը հետեւողականորեն դուրս են նետվել՝ բացահայտելով օրենքի հիմնական իմաստը՝ հնարավորություն ունենալ խնդիրներ ստեղծել ոչ հավատարիմ խաղացողների համար ոչ միայն քաղաքական դաշտում, այլեւ Ռուսաստանի հանրային կյանքում ընդհանրապես։
Պատերազմական միջոցառումներ
2022-ին պետությունը նույնիսկ դադարեց ձեւացնել, թե օտարերկրյա գործակալի կարգավիճակը ինչ-որ կերպ կապված է ֆինանսավորում ստանալու հետ, այժմ նրանք բացեիբաց ասում են, թե այդ կազմակերպություններն «օտար ազդեցության» տակ են եւ կարող են արտահայտվել ինչպես ասես։ 2022 թվականի դեկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած փոփոխությունների փաթեթը կոչվում է «Օտարերկրյա ազդեցության տակ գտնվող անձանց գործունեության նկատմամբ վերահսկողության մասին» օրենք։ Վերջինս արգելում է «օտարերկրյա գործակալներին» զբաղվել մանկավարժական գործունեությամբ, հրապարակել անչափահասների համար որեւէ ձեռնարկ (դասագրքեր, մանկական գրքեր եւ այլն), աշխատել պետական կառույցներում, ստանալ պետական ֆինանսավորում, կազմակերպել հանրային միջոցառումներ, լինել ընտրական հանձնաժողովների անդամ եւ նպաստել թեկնածուների առաջադրմանը (օրինակ ի աջակցություն Բորիս Նադեժդինին):
Խստացման հաջորդ փուլը 2024 թվականին էր, երբ «օտարերկրյա գործակալ» համարվող լրատվամիջոցներին արգելվեց գումար վաստակել գովազդի միջոցով։ Ավելի ճիշտ Ռուսաստանում տեղակայված բիզնեսներին արգելվել է իրենց գովազդը տեղադրել «օտարերկրյա գործակալների» ռեսուրսներով աշխատող ԶԼՄ-ներում, իսկ «օտարերկրյա գործակալներին» արգելվել է գումար վերցնել գովազդի համար, ընդ որում, նման գործարքի պարագայում պատասխանատվությունը երկու կողմերի վրա է:
Բացի այդ, իշխանություններն ակնհայտորեն առաջին քայլն արել են «օտարերկրյա գործակալների» մեջբերումն արգելելու ուղղությամբ, ինչպես արդեն իսկ «անցանկալի կազմակերպությունների» դեպքում է, որոնք, բարեբախտաբար, կարող են նշանակվել միայն օտարերկրյա իրավաբանական անձանց կողմից։ Մեկնաբանության հարցում պատշաճ ջանասիրությամբ ռուսական դատարանը կարող է «օտարերկրյա գործակալի» ռեսուրսի պարզ հղումը համարել գովազդ, եւ ապա դատարանի որոշում կայացնելիս, անշուշտ, չեն անհանգստանա նման ծառայության համար վճարման ապացույցով:
«Եթե, ասենք, խոսում ենք տեղեկատվական հաղորդագրության մասին, ապա եթե կա համապատասխան նշում, որ խոսքը օտարերկրյա գործակալի մասին է, ապա այստեղ սահմանափակումներ չկան», — նախաձեռնության հեղինակներից Անվտանգության եւ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Վասիլի Պիսկարյովը փորձում է հանգստացնել, սակայն ընդդիմադիր ռուսները վաղուց կորցրել են վստահությունը նման խոստումների նկատմամբ: Այսպես, եթե ցանկանան, կպատժեն ցանկացածին: Այս մոտեցումը, ըստ էության, դուրս է մղում «օտարերկրյա գործակալներին» օրինական-իրավական դաշտից եւ, հետեւաբար, ընտրությունը հետեւյլան է. իսպառ դադարեցնել նախկին գործունեությունը կամ` հեռանալ երկրից, առանց վերադառնալու հնարավորության։
«Ինքներդ պետք է որոշեք. կա՛մ երկրի հետ եք եւ մեկընդմիշտ հրաժարվում եք օտարերկրյա ֆինանսավորումից՝ հրաժարվում եք օտարերկրյա գործակալի կարգավիճակից, հետո միջոցներ ստանում երկրի ներսում: Բայց չի կարելի երկրին զրպարտել դրսից եկած փողի համար եւ այստեղ գովազդային միջոցներ հավաքել», — ասել է ՌԴ Պետդումայի ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինը։ Իրականում, այսօր կա միայն մեկ հայտնի դեպք, երբ մարդը կորցրել է «օտարերկրյա գործակալի» կարգավիճակը՝ բլոգեր Նիկոլայ Սոբոլեւն է, որը նախկինում չափազանց կասկածելի կերպար էր (հայտնի «ամեն ինչ այնքան էլ պարզ չէ» արտահայտությունը), որն այժմ բացահայայտ իշխանամետ է դարձել.
«Առայժմ օտարերկրյա գործակալների հետ ապրելը տանելի է, բայց զգացողություն կա, որ ապագայում դա պարզապես անտանելի կդառնա», — AliqRu-ին ասել է ձախակողմյան բլոգեր Անդրեյ Ռուդոյը, որը ճանաչվել է որպես «օտար գործակալ»: Սա առաջին հերթին Դամոկլյան սուր է` կախված լրագրողի կամ լրատվամիջոցի գլխին: Պարզ է, որ իշխանությունները մանրամասնորեն կարդում են գրածդ յուրաքանչյուր բառ, իսկ, օրինակ, արդարադատության նախարարությունը հետեւում է գրեթե ամեն ինչին:
Ըստ Անդրեյի, սակայն, Ռուսաստանում արդեն ձեւավորվել է օտարերկրյա գործակալների խիտ համայնք, որոնք կարող են լուծումներ առաջարկել վիճելի հարցերի վերաբերյալ, ինչպես նաեւ կան մի շարք իրավապաշտպաններ, որոնք իսկապես հեշտացնում են կյանքն այս առումով։
«Իրավապաշտպաններն օգնում են իրավաբանական անձանց գործակալների ռեեստրում գրանցման եւ հաշվետվությունների հարցում։ Այժմ օտարերկրյա գործակալի իմ կարգավիճակը մի քանի ամիսը մեկ թարմացվում է, որը տեւում է մի քանի ժամ արժենում եւ մի քանի հարյուր ռուբլի: Այդ մարդիկ եթե չլինեին, ես ուղղակի կխեղդվեի փաստաթղթերի մեջ», — ասում է Ռուդոյը։
Օրենսդիրների հաջորդ քայլերը, ըստ AliqRu-ի զրուցակցի, կարող են լինել մասնավոր նվիրատվությունների արգելքը եւ ֆինանսական գործարքների ավելի մեծ վերահսկողությունը։ Դա, իհարկե, դժվար քայլ է. ի վերջո` ստիպված կլինենք ինչ-որ կերպ տարբերակել անձնական դրամական փոխանցումները (օրինակ` հարազատներից եւ ընկերներից) եւ բաժանորդների աջակցությունը: Այս հարցը, սակայն, մենք եւս լուծում ենք Կրեմլի համար։ «Հնարավոր է ըստ էության ամեն ինչ, ընդհուպ մինչեւ օտարերկրյա գործակալներին բանկային հաշիվ ունենալու արգելքը, կամ` դրանց խիստ սահմանափակումը», — ասում է Անդրեյ Ռուդոյը: «Օրինակ, ահաբեկչական ցուցակում հայտնվածները կարող են ամսական կանխիկ գումար հանել միայն 10 հազար ռուբլու չափով»: (Օրինակ՝ շախմատիստ Գարի Կասպարովը Ռուսաստանում ահաբեկիչ է ճանաչվել – խմբ.)
2023 թվականին Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավորները քննարկեցին «օտարերկրյա գործակալներից» գույքը բռնագրավելու գաղափարը, սակայն առժամանակ դադարեցրին՝ հասկանալով, որ կարգավիճակը քրեականացված չէ: Արդյունքում, այս էներգիան վերափոխվեց «ռուսական բանակի մասին կեղծիքներ տարածելու» համար պատժամիջոցների ցանկում բռնագրավման մասին կետով, սակայն հնարավոր է, որ դա միայն ժամանակավոր դադար է։
Այս պահին միայն նրանք, ովքեր արդեն դուրս են ռուսական իրավական դաշտից (օրինակ թաքնվում են արտերկրում քրեական հետապնդումից կամ աշխատում են անցանկալի կազմակերպությունում), եւ ովքեր չունեն գույք, որը կարող են կորցնել, կարող են ամբողջությամբ անտեսել իրենց «օտարերկրյա գործակալի» կարգավիճակը:
Այդ քաղաքացիների թվում է «Կոմերսանտ»-ի նախկին թղթակից, արեւելագետ Մարիաննա Բելենկայան, որն այժմ ապրում է Իսրայելում եւ ուղղակիորեն համեմատում է «օտարերկրյա գործակալի» կարգավիճակը դեղին աստղի հետ: Այս տարբերանշանը, ինչպես հատնի է, պարտադիր էր հրեաների հագուստի վրա Երրորդ Ռայխում:
«Հրաժարվելով ընդունել սահմանափակումները՝ ես տեղյակ էի, որ մոտ ապագայում չեմ վերադառնա Ռուսաստան»,- AliqRu-ին ասել է Բելենկայան՝ հավելելով, — «հավանաբար, ի տարբերություն շատերի, ինձ համար մի քիչ ավելի հեշտ էր դա անել, քանի որ ես Ռուսաստանում չունեմ ոչ գույք, ոչ էլ եկամտի աղբյուր։ Ես չէի ուզում ինձ վրա «դեղին աստղ» դաճել, բայց լիովին հասկանում եմ մյուսների ընտրությունը, ովքեր դա անում են: Այժմ աշխատում եմ արտասահմանյան հրատարակչությունում, եւ, եթե նույնիսկ ինքս պիտակ դնեի իմ սոցիալական ցանցերում, գործատուն դա չէր անի, ինչն անիմաստ կդարձներ ամեն ինչ։ Համոզված եմ, որ եթե որոշում կա քեզ պիտակավորելու, ապա դա անելու կերպն անպայման կգտնեն»։
Այսուհանդերձ, մինչ օրս առկա դատական պրակտիկան ցույց է տվել, որ ոչ բոլոր արտագաղթողներն էին պատժվում՝ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի պահանջները չկատարելու համար, սակայն դրանց կիրառման հնարավորությունները, այնուամենայնիվ, կուտակվում են եւ ապագայում կարող որեւէ այլ դեպքում կիրառվել։ Այսպիսով, բոլոր իմաստներով անվնաս մարդիկ Ռուսաստանում դառնում են «ժողովրդի թշնամիներ»՝ առանց երկրին այդքան անհրաժեշտ քաղաքական քննարկմանը մասնակցելու հնարավորության։