Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը։ Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ Ղազախստանում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը նախորդող ողջույնի խոսքում։
«Եվս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը։ Մենք շատ կառուցողականորեն ներգրավված ենք խաղաղության գործընթացում»,-ասել է Միրզոյանը։
Հայաստանի ԱԳ նախարարը նշել է, որ միայն այսքանով չէ, որ Բաքուն ու Երեւանը պետք է սահմանափակվեն, այլ պետք է գնան առաջ եւ հասնեն տարածաշրջանի բոլոր տրանսպորտային կապուղիների ապաշրջափակմանը։
«Դա պետք է անել, իհարկե, այն ընկալումով, որ բոլոր կապուղիները կլինեն այն երկրների ինքնիշխանության ներքո, կգործեն այն երկրների իրավազորության ներքո, որոնց տարածքով դրանք կանցնեն, իսկ պետական սահմանի հատման բոլոր ընթացակարգերը կհամաձայնեցվեն (վարչական, մաքսային) փոխադարձության սկզբունքին համաձայն»,-ասել է Միրզոյանը։
Ղազախստանին հանդիպման կազմակերպման համար ուղղված շնորահակալական խոսքերից հետո Հայաստանի ԱԳ նախարարը նշել է, որ խորհրդանշական է համարում Ալմա Աթայում հանդիպման վայրը։
«Խորհրդանշական է, որ մենք այսօր հանդիպում ենք այս գեղեցիկ քաղաքում՝ Ալմաթիում, ավելին, այն նույն կառույցում՝ «Բարեկամության տանը», որտեղ 1991թ. ստորագրվել է Ալմա-Աթայի հռչակագիրը։ Հիշեցնեմ՝ դա այն փաստաթուղթն է, որը ստորագրեցին արդեն նախկին ԽՍՀՄ տանսմեկ հանրապետությունները՝ ԽՍՀՄ նախկին ադմինիստրատիվ սահմանները ճանաչելով որպես միջպետական սահմաններ։ Կարեւոր է, որ վերջին երկու տարվա ընթացքում եւ’ Հայաստանի վարչապետը, եւ’ Ադրբեջանի նախագահը տարբեր ձեւաչափերով մի քանի անգամ վերահաստատել են Ալմա-Աթայի հռչակագրին հանձնառությունը, վերահաստատել են նաեւ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, ինչպես նաեւ վերահաստատել են, որ սահմանազատման գործընթացը պետք է իրականացվի հենց Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Ըստ էության, դա նշանակում է, որ սահմանազատման գործընթացում պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին»,-իր խոսքում ասել է ՀՀ ԱԳ նախարարը։