«Այս շարժումը պիտի հաջողի։ Կարծում եմ՝ Բագրատ սրբազանը կարող է համախմբել ժողովրդին, որպեսզի կարողանանք այս վիճակից դուրս գալ»,- անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանն՝ ասում է «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։
Այժմ վարչապետի թեկնածուի մի քանի անուն է շրջանառվում՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան, Արման Թաթոյան, Ավետիք Չալաբյան․․․ Այս շարժման առաջնորդը ինքն իր թեկնածությունը չի առաջարկում, ավելին՝ հակված էլ չէ վարչապետ դառնալու, մինչդեռ 2018-ին Փաշինյանը հայտարարում էր՝ կա՛մ ինքը կլինի վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա։ Հիմա մարդիկ կարող են սթափ մտածել, հաշվարկել ու հասկանալ, թե ով ինչ պաշտոն կարող է ստանձնել։
««Այժմ արժանի թեկնածուների անուններ են շրջանառվում, մարդիկ ընտրության հնարավորություն ունեն։ Եվ պետք չէ ամեն անգամ մեր աչքը մտցնել, ասել՝ ի՞նչ գործ ունի հոգեւորականը քաղաքականության մեջ․ սա որերո՞րդ դարն է։ Սրբազանի թեկնածության հարցը դիտարկում եմ որպես նորմալ առաջարկ։ Այսօր ունենք այնքան լավ մասնագետներ, որոնց միջոցով կարող ենք ի նպաստ մեր երկրի աշխատող կառավարություն ունենալ։ Մենք պիտի օգտվենք այդ հնարավորությունից»,- ասում է Ալավերդյանը։
Իշխանափոխության հասնելը հեշտ գործ չէ։ Դրա համար ժամանակ, ջանք ու կամք է անհրաժեշտ։ Ըստ իրավապաշտպանի՝ պետք է պայքարել եւ ազատվել այս իշխանությունից, որը եկել է երկու հիմնական նպատակով՝ Արցախը հայաթափելով՝ օր առաջ ամբողջովին կամ մաս-մաս հանձնել, բռնակցել Ադրբեջանին եւ Հայաստանը դարձնել Ադրբեջանի կցորդը։
Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը կարծում է՝ այս շարժումն այնքան բազմազան է, որ դրա տարբեր սեգմենտներին հնարավոր չէ նույն գանահատականը տալ։ Կան գյուղերի բնակիչներ, որոնց վրա անմիջականորեն ազդելու է սահմանագծման եւ սահմանազատման գործընթացը։ Երկրորդ սեգմենտը, որը քանակական առումով ամենամեծն է, Հայաստանի ներկայով ու ապագայով մտահոգ մարդիկ են, որոնք տեսնում են՝ երկրում ռիսկային զարգացումներ են տեղի ունենում։ Երրորդը քաղաքական ուժերն են, որոնք, ըստ Նավասարդյանի, օգտվում են իրավիճակից՝ իրենց ներքաղաքական խնդիրները լուծելու համար։ Նրանք առկա խնդիրների լուծման հեռանկարներ չունեն, բայց իրենց քաղաքական կշիռը մեծացնելու հավակնություններ ունեն։
«Առաջին երկուսի մտահոգությունները լեգիտիմ են, եւ նրանց նախաձեռնած քայլերը ժողովրդավարական հիմքեր ունեն։ Դժվար է ասել, որ երրորդ սեգմենտը ժողովրդավարական սկզբունքներով կամ դրդապատճառներով է մասնակցում այս շարժմանը»,- կարծում է Բորիս Նավասարդյանը։
Խաղաղ անհնազանդության ակցիաները ճնշելու՝ ավանդական դարձած անօրինական մեթոդները հիմա էլ են օգտագործվում․ դասադուլները սահմանափակելու տարբեր եղանակներ են կիրառվում, մարդկանց տեղաշարժի իրավունքն է որոշ դեպքերում սահմանափակվում։ Նավասարդյանն ասում է ՝ այս մեխանիզմները այժմ «համեստ մակարդակով են օգտագործվում», իշխանություններն էլ բավական մեղմ են արձագանքում շարժմանը։ Հիմնական գործողությունները տեղի են ունենում մեդիա-դաշտում։
Այս օրերին «Հանրային հեռուստաընկերությունը» «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանն առանձնապես չի անդրադառնում, լուսաբանում։ Նավասարդյանը «Հանրայինի» աշխատանքը բավարար չի գնահատում։ Մեր հասարակությունն արժանի է տեղեկացված լինելու տարբեր խնդիրների՝ այդ թվում հանրահավաքների, ակցիաների ընթացքում ծավալվող իրադարձությունների մասին։
««Հանրային հեռուստաընկերությունում» ընտրովի վերաբերմունք կա, թե ինչն ինչպես պիտի լուսաբանվի։ Հանրային հեռարձակողը նման խմբագրական քաղաքականություն չպետք է որդեգրի։ Ընդ որում, սա նորություն չէ։ Սա այս հեռուստաալիքի երկար տարիների աշխատանքի ոճն է, որը, փաստորեն, հիմա էլ է ակնհայտ։ Ընդհանուր միտումն այնպիսին է, որ կարելի է ասել՝ «Հանրայինը» չի գործում իր կարգավիճակի եւ առաքելության համաձայն, եւ դա ավանդական խնդիր է մեզ մոտ»,- ընդգծում է Բորիս Նավասարդյանը։
Այս օրերին շատերը մեդիայով են հետեւում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Մարդիկ ուզում են սպասել, հասկանալ՝ ինչ առաջարկներ կան տարբեր հարցերի լուծման վերաբերյալ։ Նավասարդյանը վստահ է՝ քանի դեռ այս լուծման եղանակները, օրակարգը չեն ներկայացվում, շարժումն ավելի ընդարձակվելու շանս չի ունենա։ Եթե շարունակվեն խոսակցություններ առանց հստակ օրակարգի, հասարակության լայն շերտերի ակտիվ ներգրավվածություն չի լինի։
«Ես օրակարգի ներկայացման հեռանկարներ չեմ տեսնում։ Այս պահին կարծես թե հիմնականում քննարկվում է Բագրատ Գալստանյանի անունը, բայց միայն անձի անունը տալով՝ դժվար թե հնարավոր լինի ակտիվացնել այն քաղաքացիներին, որոնք հեռվից են հետեւում զարգացումներին։ Անհրաժեշտ է, որ մարդիկ տեսնեն՝ ինչպիսի թիմ ունի վարչապետի թեկնածուն, տարբեր հարցերի վերաբերյալ ինչ մոտեցումներ ունի»,- ասում է Նավասարտյանը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։