Ֆրանսիան ողջունում է մայիսի 10-ին եւ 11-ին Ալմա Աթայում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի միջեւ բանակցությունների նոր նստաշրջանի անցկացումը։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի արտգործնախարարության տարածած հայտարարության տեքստում։
«Որպես այս գործընթացի հիմք Ֆրանսիան ընդգծում է 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին ու տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը կողմերի հավատարմությունը վերահաստատելու կարեւորությունը՝ 2022 թվականի հոկտեմբերի 7-ին Պրահայում կայացած քառակողմ հանդիպմանը համահունչ»,-ասվում է հայտարարության տեքստում։
Դրանում Փարիզը Բաքվին ու Երեւանին նաեւ կոչ է անում շարունակել սահմանի սահմանազատումը ապրիլի 19-ի սահմանազատման հարցերով հանձնաժողվների կողմից համաձայնեցված սկզբունքների հիման վրա եւ ընդլայնել տեղում իրականացված առաջին սահմանազատման աշխատանքները, ինչպես նաեւ շարունակել քննարկումները՝ երկու երկրների միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման նպատակով։
«Մենք ողջունում ենք Ղազախստանի իշխանությունների նախաձեռնությունը՝ այդ բանակցությունների անցկացմանը նպաստելու համար»,-ասվում է հայտարարության տեքստում եւ ավելացվում, որ Ֆրանսիան իր գործընկերների հետ միասին կշարունակի աշխատել Հարավային Կովկասում «արդար եւ կայուն խաղաղություն հաստատելու» ուղղությամբ՝ միջազգային իրավունքին համապատասխան։