Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը վճռել է լուրջ կադրային փոփոխություններ կատարել անվտանգության բլոկում։ Սրա մասին հայտնի դարձավ նախօրեին՝ մայիսի 12-ին, երբ նախագահը Դաշնային խորհրդի հաստատմանը ուղարկեց երկրի ուժային կառույցների ղեկավարների թեկնածուների իր առաջարկները։
Այն անձանց թվում, ում Պուտինն առաջարկել է վերանշանակել իրենց պաշտոններին, ներառված չի եղել 2012 թվականից երկրի Պաշտպանության նախարարությունը ղեկավարող Սերգեյ Շոյգուն։ Նրա փոխարեն գերատեսչությունը ղեկավարելու համար առաջարկվել է նախկին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովի թեկնածությունը։
Սակայն Շոյգուն անգործ չի մնացել։ Պուտինն արդեն իր հրամանագրով նրան նշանակել է Անվտանգության խորհրդի քարտուղար, որտեղ նա կփոխարինի կառույցը արդեն 16 տարի ղեկավարած Նիկոլայ Պատրուշեւին։
Նախագահն իրավունք ունի առանց խորհրդակցության նշանակել Անվտանգության խորհրդի քարտուղարին, ուստի Շոյգուին նշանակելու եւ Պատրուշեւին այս պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը անմիջապես ուժի մեջ է մտնում։ Դաշնային խորհրդի նիստը, որտեղ կքննարկվի պաշտպանության նախարարության ղեկավարի պաշտոնում Անդրեյ Բելոուսովին նշանակելու հարցը, կկայանա մայիսի 14-ին։
Ուժային մարմինների եւ այլ առանցքային գորատեսչությունների ղեկավարների մեծ մասը, դատելով Վլադիմիր Պուտինի առաջարկներից, կպահպանեն իրենց աշխատանքը։ Նախագահն առաջարկել է իրենց պաշտոններում վերանշանակել արտգործնախարար Սերգեյ Լավրովին, ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւին, Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինին, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովին, Ռոսգվարդիայի ղեկավար Վիկտոր Զոլոտովին, Պահպանության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Կոչնեւին, արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոյին եւ Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Ալեքսանդր Կուրենկովին։
Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Ուկրաինայի հետ պատերազմի կեսերին ՊՆ ղեկավարին փոխարինելու անհրաժեշտությունը բացատրել է նրանով, որ «Պաշտպանության նախարարությունը պետք է բացարձակապես բաց լինի նորարարությունների, բոլոր առաջադեմ գաղափարների ներդրման, տնտեսական մրցունակության պայմաններ ստեղծելու համար»։
«Այսօր մարտի դաշտում հաղթում է նա, ով ավելի բաց է նորարարությունների համար, ավելի բաց՝ հնարավորինս արագ դրանք գործարկելու համար: Եվ ուրեմն, բնական է, որ ներկա փուլում նախագահը որոշել է, որ պաշտպանության նախարարությունը պետք է ղեկավարի քաղաքացիական անձ»,-ասել է Պեսկովը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Բելոուսովը «ոչ միայն քաղաքացիական անձ է», այլ պաշտոնյա, ով ղեկավարել է Տնտեսական զարգացման նախարարությունը, եղել է Վլադիմիր Պուտինի օգնականը տնտեսական հարցերով եւ աշխատել կառավարությունում՝ որպես առաջին փոխվարչապետ։
Բայց ի՞նչ է հայտնի Բելոուսովի կենսագրությունից եւ ինչպիսի քաղաքական հայացքներ ունի նա։
65-ամյա Բելոուսովը 1981 թվականին գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։
2000 թվականին Բելոուսովը նշանակվել է ՌԴ վարչապետի ոչ կադրային խորհրդական եւ վեց տարի անց աշխատանքի է անցել էկոնոմիկայի նախարարությունում՝ որպես փոխնախարար։
2008-2012 թվականներին՝ Պուտինի վարչապետության տարիներին նա եղել է կառավարական ապարատի տնտեսության եւ ֆինանսների վարչության տնօրենի պաշտոնը։
2012 թվականին Բելոուսովը նշանակվել է էկոնոմիկայի նախարար, իսկ արդեն հաջորդ՝ 2013-ին թվականներին զբաղեցրել է ՌԴ նախագահի խորհրդականի պաշտոնը։ 2020 թվականից նշանակվել է առաջին փոխվարչապետի պաշտոնում։
Բելոուսովը, ի տարբերություն տնտեսական բլոկի շատ այլ ներկայացուցիչների, իրականում այնքան էլ ազատական հայացքների տեր գործիչ չէ։ Նա հաճախ է հանդես եկել տնտեսության մեջ պետական լայն ներկայության եւ տնտեսության խիստ կանոնակարգման օգտին։
The Bell պարբերականը նշում է, որ նա մի «գործիչ է, ով հավատում է Ռուսաստանի շուրջ թշնամիների օղակին»։
Նրա դիրքորոշման տիպիկ օրինակ է մետալուրգներից «գերշահույթը» վերցնելու փորձը։ 2021-ին նա բառացիորեն նրանց մեղադրեց պետությանը 100 միլիարդ ռուբլու վնաս հասցնելու մեջ։
Եվ սա բիզնեսից գումար խլելու նրա երկրորդ փորձն էր. 2018 թվականին, երբ Բելոուսովը դեռ նախագահի օգնականն էր, նմանատիպ առաջարկներով նախագահին ուղված նրա նամակի գաղտնազերծումը բառացիորեն փլուզեց ֆոնդային շուկան եւ հանգեցրեց կառավարության ու բիզնեսի միջեւ երակարձիգ բանակցությունների մեկնարկին:
2020 թվականին առաջին փոխվարչապետի պաշտոնում նրա նշանակումը տնտեսագետները բացատրեցին նրանով, որ նա պետք է պատասխանատվություն ստանձներ ազգային այն նախագծերի համար, որոնք Պուտինը խոստացել էր իրկանացնել դեռ 2018-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ։
Ընթացիկ նշանակումը հստակ բացատրել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. «ՊՆ-ի եւ անվտանգության բլոկի բյուջեն բոլորովին վերջերս դեռ 3 տոկոսի սահմաններում էր, այնուհետեւ այն հասավ 3,4 տոկոսի, իսկ վերջերս՝ 6,7 տոկոսի։ Սա բոլոր ուժային մարմինների հետ միասին, որոնց շարքում, իհարկե, առանցքային պաշտոններ է զբաղեցնում ՊՆ-ն, քանի որ հենց պաշտպանության նախարարությունն է պատասխանատու արդյունաբերության բոլոր պատվերների համար»։ Այլ կերպ ասած սա նշանակում է, որ գլխավոր նպատակը Պաշտպանության նախարարության ծախսերի կրկնապատկումն է լինելու։
Բելոուսովը պետության շահերին իր հավատարմությամբ, Վլադիմիր Պուտինի հետ մտերմությամբ եւ պաշտոնյայի համար բավականին անտիպ համեստությամբ կարող է լավ թեկնածու լինել այն անձի պաշտոնին, ով վերահսկելու եւ կառավարելու է ֆինանսական այդ հոսքերը։
Եվ վերջապես, գործիչը ով հավատում է «արտաքին թշնամական օղակներին», լավագույն թեկանծուն է, ով կարող է երկրի տնտեսությունը դնել «պատերազմական ժամանակների» համար անհրաժեշտ ուղղու վրա։