«Շեն_Կառնուտ_fest_2024» փառատոնը Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կառնուտ գյուղում համախմբել էր հարյուրավոր հյուրերի Հայաստանից եւ արտերկրից:
Որպեսզի Կառնուտի դպրոցում սմարթ-էկրաններ ունենան, մանկավարժական թիմը համախմբվել, «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2024» մրցույթին են դիմել:
Ըստ մրցույթի կանոնների՝ դպրոցները պետք է ներկայացնեին «Իմ բնակավայրը» խորագրով նախագծային աշխատանք: Կառնուտի դպրոցի ներկայացրած ծրագիրը պահանջներին բավարարել, երկրորդ փուլ է անցել:
«Մեր դպրոցում նշված խորագրով փառատոներ եւ այլ միջոցառումներ անելը նորություն չէր»,-ասում է դպրոցի տնօրեն Հայկուհի Հովհաննիսյանը եւ փաստում, որ նախաձեռնությունը սկզբում համադպրոցականից համագյուղականի վերածվեց, այնուհետեւ շրջանակը լայնացավ՝ դառնալով համամարզային, վերջում էլ՝ համահայկական: «Փառատոնի անցկացման համար ամբողջ գյուղն է համախմբվել դպրոցի շուրջ, ներդրումներ են արել անգամ արտասահմանում ապրող, ծնունդով կառնուտցի բարերարներ»: Հովհաննիսյանը վստահ է՝ փառատոնը գյուղը ճանաչված դարձնելուց, մարդկանց մեկ գաղափարի շուրջ համախմբելուց բացի կբերի սպասված սմարթ-գրատախտակը:
«Շեն_Կառնուտ_fest_2024»-ը բազմաշերտ էր, մանրամասնորեն մտածված հերթականությամբ. նախ հյուրերը գյուղական կոլորիտից չշեղվելով՝ որպես փոխադրամիջոց օգտվեցին միայն տրակտորներից:
Մասնակիցների առաջին կանգառը բնակավայրի սարալանջին գտնվող հեթանոսական տաճարի հիմքի վրա կառուցված, այժմ խոնարհված եկեղեցու տարածքում էր: Հյուրերն իմացան, որ գտնվում են հնագույն բնակավայրերից մեկում, որտեղ առկա է մ.թ.ա երրորդից առաջին հազարամյակի դամբարանադաշտ:
Հաջորդիվ տրակտորներն ուղղություն վերցրին դեպի Կառնուտի ջրամբար, զմայլվեցին ամբողջ մարզը ոռոգման ջրով ապահովող, ստրատեգիական լուրջ նշանակություն ունեցող ջրային տարածքով: Թեեւ եղանակային վատ պայմանները թույլ չտվեցին ձուկ որսալ, բայց հյուրերը խոստացան վերադառնալ եւ լրացնել բացը:
Կազմակերպիչները հյուրերին ուղեկցեցին գյուղի թոնրատներից մեկը: Տիկին Անուշը բոլորին բացատրեց լավաշի թխման գործընթացի մանրամասները: Սեփական ձեռքերով լավաշ թխելու ցանկություն հայտնողներ շատ եղան։
Շրջայցերից տպավորված հյուրերի վերջին կանգառը դպրոցի բակում էր: Գյուղական հրապուրիչ միջավայրում երգ, պար, ասմունքից բացի նաեւ Կառնուտում արտադրված մթերքով գաստրո-ցուցադրություն-վաճառք տեղի ունեցավ:
Ելենա Ազիզյանը Մարտակերտի շրջանից է եկել, Շիրակի մարզում հաստատվել: Ամուսինը Կառնուտի դպրոցում է աշխատանքի ընդունվել:
Դպրոցից հրավեր է ստացել, որ գա, փառատոնի տաղավարներից մեկում ժենգյալով հաց թխի, հյուրերին զարմացնի, ինչու չէ՝ նաեւ գումար վաստակի: Ելենան ասում է՝ սիրով է եկել, նաեւ հավելում է, որ այսպիսի հանրային միջոցառումներն օգնում են, որ արագ ինտեգրվեն նոր միջավայրում, արցախցի-հայաստանցի արհեստական անջրպետն էլ վերանա:
Թալինի ավագ դպրոցի տնօրեն Աննա Կնյազյանը Կառնուտ է եկել մանկավարժական հանրույթի հետ: Տեղեկացնում է՝ Կառնուտի եւ Թալինի դպրոցներն անցած տարվանից քույր դպրոցներ են: Այս ընթացքում ծրագրային համագործակցությունների, փոխայցելությունների, փորձի փոխանակման պակաս չեն ունեցել: «Շեն_Կառնուտ_fest_2024» փառատոնն այնքան է հավանել, որ արդեն մտքով Թալինի դպրոց է տեղափոխել:
Կառնուտցի ատամնաբույժ Աննա Բորիկյանն այցելուներին այս անգամ ո՛չ թե կլինիկա, այլեւ փառատոնին մասնակցելու է կանչել, ասում է՝ ուրախանում է, որ իր գյուղը ճանաչելի է դարձել: «Երբ ճանաչում ենք, ավելի շատ ենք սիրում մեր բնակավայրը, իր գյուղը սիրողն էլ՝ հայրենիքն է սիրում, հայրենիքը սիրողն էլ՝ շենացնում է այն»:
Փառատոնի կազմակերպիչներից՝ Կառնուտի դպրոցի պատմության ուսուցիչ Աբրահամ Ավագյանն ասոււմ է. «Այս գյուղում անում են ամեն բան, որ երեխան գիտակ եւ բանիմաց մարդ դառնա, այլ ո՛չ թե միջին վիճակագրական գյուղի բնակիչ»: Որպես մանկավարժ փաստում է, որ իրեն գնահատված է զգում, քանի որ թիմով կարողացել են ոչ միայն գյուղին, այլեւ մարզը համախմբել գաղափարի շուրջ:
Կհաղթե՞ն կառնուտցիները մրցույթում, կունենա՞ն սմարթ-էկրան, բոլորի պատասխանը դրական է:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։