Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացի քաղաքական հիմքը պետք է լինի 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագիրը։ Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին եւ եվրոպական հարցերի ու առեւտրի նախարար Իեն Բորջի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսի ժամանակ։
«Անդրադարձել ենք տարածաշրջանի անվտանգությանը, իմ գործընկերոջը ներկայացրել եմ Հարավային Կովկասում առկա իրավիճակը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների խաղաղ կարգավորման վերջին փուլում եղած զարգացումները, այդ թվում երկու օր առաջ Ալմաթիում կայացած բանակցությունների վերջին մանրամասները։ Այս համատեքստում ընդգծել եմ ապրիլի 19-ին երկու երկրների սահմանագծման ու սահմանային անվտանգության հանձնաժողովների կողմից ամրագրված պայմանավորվածությունը առ այն, որ սահմանազատման գործընթացի քաղաքական հիմքը պետք է լինի 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագիրը»,-ասել է ՀՀ ԱԳ նախարարը։
Միրզոյանը կրկին ընդգծել է, որ նշյալ հռչակագիրը եւ ԽՍՀՄ փլուզման պահին եղած սահմանները պետք է լինեն Հայաստանի եւ Ադրբեջանի «փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչման եւ սահմանազատման գործընթացի հիմքը»։
Անդրադառնալով ԵԱՀԿ դերակատարմանը Հայաստանի արտգործնախարար Միրզոյանը նշել է, որ կառույցը կանգնած է աշխարհաքաղաքական խնդիրներից բխած տարատեսակ մարտահրավերների առաջ, որի մասնակից երկրներից այժմ պահանջվում է պատասխանատվության գոտում բոլոր մեխանիզմների արդյունավետ կիրառում։
«Մեր տարածաշրջանը՝ Հարավային Կովկասն էլ, ցավոք, զերծ չէ լրջագույն մարտահրավերներից։ Դրանք իրենց հերթին խաթարում են ԵԱՀԿ այնպիսի առանցքային սկզբունքները, ինչպիսիք են պետությունների տարածքային ամբողջականությունը ու ինքնիշխանությունը, սրանք մարտահրավերներ են, որոնք ուղղակիորեն առնչվում են ԵԱՀԿ մանդատին ու ընդգծում են կառույցի հասցեական ներգարավվածության կարեւորությունը»,-նշել է Միրզոյանը։