Ուկրաինայի բանակի գլխավոր շտաբը հայտնում է Խարկովի ուղղությամբ ստեղծված բարդ իրավիճակի մասին։ Ըստ ուկրաինացի զինվորականների՝ Վոլչանսկ քաղաքի շրջանում մի քանի օր առաջ հարձակման անցած ռուսական զորքերը մարտավարական հաջողությունների են հասել։
Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին նույնպես խոստովանել է, որ Խարկովի մարզում իրավիճակը վատթարացել է եւ սահմանային մարտեր են ընթանում։
Վոլչանսկի ուղղությամբ կռվող ուկրաինացի սպան նշել է, որ իրավիճակը ծայրահեղ ծանր է, քանի որ Ուկրաինայի զինված ուժերն այս տարածքում չունեն համապատասխան ամրություններ, հայտնում է РБК-Украина-ն։ Նա նշել է, որ մարտերն արդեն ընթանում են բնակավայրի հարակից շրջաններու։
Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) փորձագետները կարծում են, որ ռուսական բանակը, մեծ հավանականությամբ վերահսկողության տակ է վերցրել Գատիշչեն (Վոլչանսկի հյուսիս-արեւմուտք) եւ Տիխայեն (Վոլչանսկի արեւելք) բնակավայրերը եւ կարող է շրջապատել Վոլչանսկը:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ ռուսական բանակը հարձակում է սկսել նաեւ Բուգրուվատկա գյուղի մոտ (Վոլչանսկի արեւմուտք):
Ուկրաինական Deep State նախագիծը հաստատում է, որ ռուս զինվորականներին հաջողվել է ամրանալ Խարկովի եւ Վոլչանսկի ուղղությունների մի քանի գյուղերում։ Ուկրաինացի ռազմական լրագրող Կոնստանտին Մաշովեցը հայտնել է, որ ռուսական զորքերը կարողացել են երկուսուկես կիլոմետր առաջ շարժվել Վոլչանսկի ուղղությամբ։ Նրա խոսքով, այնտեղ տեղակայվել է ռուսական 11-րդ բանակային կորպուսի առնվազն չորս մոտոհրաձգային գումարտակ։
Ռուսական եւ ուկրաինական աղբյուրները նաեւ հաղորդում են Լիպցովսկի ուղղությամբ Գլուբոկոյեի եւ Լուկյանցիի մոտ ընթացող մարտերի մասին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին երեկոյան հրապարակած տեսաուղերձում ասել էր, որ ուկրաինական կողմի թիվ մեկ խնդիրն այժմ «ռուսական հարձակողական պլանների ձախողումն է»։
Նրա խոսքով՝ պաշտպանական գործողությունները շարունակվում են Խարկովի մարզի սահմանամերձ Ստրելեչե, Կրասնոյե, Մորոխովեց, Օլեյնիկովո, Լուկյանցի, Գատիշչե, Պլետենեւկա գյուղերի տարածքում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ավելի վաղ հայտարարել էր նշյալ գյուղերի մեծ մասի գրավման մասին։