Գազայում զոհերի թիվը անցել է 35․000-ը։ Այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել Գազայի տարածքում գործող առողջապահության նախարարությունը”
«Գազայում իսրայելական ագրեսիայի զոհերի թիվն այժմ հասել է 35.091-ի, իսկ վիրավորներինը՝ 78.827-ի»,-ասվում է գերատեսչության տելեգրամյան ալիքում հրապարակված հայտարարության տեքստում։
Ավելի վաղ նախարարությունը նաեւ հայտարարություն էր տարածել, որ Գազայի հատվածի առողջապահական համակարգը կարող է փլուզվել առաջիկա մի քանի ժամվա ընթացքում վառելիքի բացակայության պատճառով։ «Սպասվում է, որ մի քանի ժամից Գազայի առողջապահական համակարգը կփլուզվի հիվանդանոցներում էլեկտրաէներգիայի գեներատորների շահագործման համար անհրաժեշտ վառելիքի սուր պակասի հետեւանքով»,-ասվում է հայտարարության մեջ։ Դրանում նաեր նշվում է, որ վառելիքի բացակայությունը կզրկի շտապօգնության մեքենաներին եւ շրջանի բոլոր մեքենաներին իրենց աշխատանքը շարունակելու հնարավորությունից։
Մայիսի 11-ին Al-Qahira Al-Ikhbariya հեռուստաալիքը, հղում կատարելով իր աղբյուրին, հայտնել էր, որ Եգիպտոսի իշխանությունները մտադիր չեն իրենց հետագա գործողությունները համաձայնեցնել իսրայելական կողմի հետ Գազայի հետ սահմանին գտնվող «Ռաֆահ» անցակետի գործունեության հարցում, որը ավելի վաղ վերահսկողության տակ էր վերցրել Իսրայելի պաշտպանության բանակը։
Լրատվականը նաեւ ընդգծում է, որ Կահիրեն բոլոր մտահոգված կողմերին նաեւ տեղեկացրել է, որ «Գազայում իրավիճակի կտրուկ վատթարացման պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է Իսրայելը»: