ԵՄ-ն դատապարտում է Վրաստանում «օտարերկրյա գործակալների» օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակիցների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառումը ուժային կառույցների կողմից։ Այս մասին հայտարարությամբ հանդես է եկել Եվրոպական հանձնաժողովի արտաքին եւ անվտանգության քաղաքականության բարձր հանձնակատարի խոսնակ Պիտեր Ստանոն։
«Մենք տեսնում ենք բնակչության զգալի մասի հավատարմությունը եվրոպական ապագային եւ եվրոպական ուղուն։ Մենք ակնկալում ենք, որ Վրաստանի կառավարությունն ու իշխանությունները հաշվի կառնեն այդ ցանկությունը։ Այն, ինչ մենք տեսանք վերջին օրերին, կառավարության արձագանքն է մարդկանց բողոքի ակցիաներին, եւ դա բռնությունն է հատկապես ոստիկանության կողմից։ Մենք խստորեն դատապարտում ենք այնպիսի գործողությունները, ինչպիսիք են ահաբեկումը, սպառնալիքը եւ ֆիզիկական բռնությունը ցուցարարների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, քաղաքական գործիչների, լրագրողների եւ լրատվամիջոցների աշխատողների նկատմամբ։ Սրանք դաժան գործողություններ են, եւ մենք խստորեն դատապարտում ենք դրանք»,-ասվում է Ստանոի հայտարարության մեջ։
Նա վրացական իշխանություններին կոչ է արել ապահովել բողոքի ցույցի իրավունքը եւ մանրակրկիտ հետաքննել բոլոր ապօրինությունները, խախտումները եւ բռնության ակտերը։
Նա նաեւ անդրադարձել է Վրաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչների նկատմամբ հնարավոր պատժամիջոցների կիրառման թեմային եւ ընդգծել, որ այդ հարցում որոշումն ընդունվում է անդամ երկրների կողմից՝ կոնսենսուսի հիման վրա։
«Երբ ենթադրվում է, որ ցանկալի արդյունքի հասնելու այլ ճանապարհ չկա։ Բայց մենք դեռ այդտեղ չենք։ Վրաստանը [ԵՄ անդամակցության] թեկնածություն ունեցող երկիր է։ Մենք հույս ունենք եւ կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը վերադառնալ եվրոպական ուղի»,-ասել է Ստանոն։
Մայիսի 13-ին խորհրդարանի իրավական հանձնաժողովի նիստում իշխող կուսակցության պատգամավորները երրորդ ընթերցմամբ պաշտպանեցին «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը։
Առավոտյան ոստիկանությունը ձերբակալել է 20 մարդու, ովքեր մասնակցել են «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ բողոքի ակցիային, որը տեղի է ունեցել խորհրդարանի շենքի մոտ։