Հայ առաքելական եկեղեցին դարձել է իշխանափոխության հերթական փորձի մեղսակից։ Այս մասին ասվում է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության տարածած հայտարարության մեջ։
Հայտարարության տեքստում մասնավորապես նշվում է․
«Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Կենտրոնական Վարչությունը իր խոր մտահոգությունն է արձանագրում Հայաստանի վերջին իրադարձությունների կապակցությամբ, մասնավորապես «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մեջ Հայց առաքելական եկեղեցու ստանձնած դերակատարության վերաբերյալ։ Բացարձակապես չկիսելով շարժման կարգախոսներն ու նպատակները, մենք հավատարիմ եւ զորավիգ ենք Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու՝ խոսքի, մտքի եւ գումարման ազատության ժողովրդավարական հիմնարար իրավունքներին։ Սակայն եւ այնպես, չափազանց ցավալի եւ անընդունելի է Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի քաղաքական պայքարի ներքաշվելն ու բացահայտորեն այդ շարժման հովանավորությունը եւ առաջնորդությունը ստանձնելը։
Ավելին, առաջին անգամ լինելով սփյուռքի որոշ գաղթօջախների Էջմիածնի թեմի առաջնորդներ, ակնհայտորեն ուղղուդված՝ շարժման ի նպաստ զորակցական հայտարարություններ են հրապարակաում, փաստորեն ներ-հայաստանյան անախորժ իրավիճակը անհարկի կերպովտեղափոխելով սփյուռք։ Իսկ վերջինս սպառնալիք է ոչ միայն Եկեղեցու հեղինակության, այլ նաեւ սփյուռքի համայնքային համերաշխությանն ու անդորրին՝ իր ապագայի բոլոր բացասական հետեւանքներով։
Որպես Մայր Աթոռ Ս․ Էջմիածնին անվերապահորեն սատարած կուսակցություն, մենք ցավով ենք արձանագրում այն փաստը, որ համայն հայության հոգեւոր եւ ազգային արժեքների հիմնասյունը՝ հայրենիքի համար ճակատագրական այս հանգրվանին, փոխանակ հանդիսանալու համայն հայությունը համախմբող եւ զորաշարժի ենթարկող ուժ, դարձել է իշխանափոխության հերթական փորձի մեխսակից։
Մյուս կողմից, մենք համոզված ենք, որ հակառակ սահմանազատման ու սահմանագծման գործընթացի առերեւույթ՝ Ադրբեջանի ի նպաստ մեկնարկին, մեկ կողմից ձեռք բերված նախնական պայմանավորվածությունների եւ մյուս կողմից գոհացուցիչ այլընտրանքի բացակայության լույսի ներքո, խաղաղության նվազագույն հեռանկարի նշույլն անգամ նախընտրելի է նոր պատերազմից։
Հնչակյան Կուսակցության անունից մի անգամ եւս կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, մեկ կողմ դնել ներքին տարաձայնություններն ու հատվածական շահերը եւ համախմբվել պետականության շուրջ՝ միասնաբար դիմագրավելու արտաքին վտանգներն ու մարտահրավերները»։