ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը չհայտարարված այցով ժամանել է Կիեւ, որի ընթացքում մտադիր է քննարկել Ուկրաինային տրամադրվող ամերիկյան ռազմական օգնության հետ կապված հարցեր, հայտնել է Պետդեպարտամենտը։
X-ի իր էջում պետքատուղարը գրել է․ «Այսօր ես վերադարձա Կիեւ՝ ցույց տալու մեր անսասան աջակցությունն Ուկրաինային, քանի որ այն պաշտպանում է իր ազատությունը ռուսական ագրեսիայից»:
I returned to Kyiv today to demonstrate our unwavering support for Ukraine as they defend their freedom against Russian aggression. pic.twitter.com/7ruIw6GgVd
— Secretary Antony Blinken (@SecBlinken) May 14, 2024
Բլինկենը Լեհաստանից ժամանել է գիշերային գնացքով եւ մոտ ժամերին հանդիպում կունենա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
«Ամենից առաջ այս ուղեւորությունը միտված է հստակ ուղերձ հղելու ուկրաինացիներին, որոնք ակնհայտորեն գտնվում են շատ բարդ իրավիճակում եւ՛ արեւելյան ճակատում մարտերի, եւ՛ այն պատճառով, որ ռուսական զորքերը ընդլայնում են անդրսահմանային հարձակումները Խարկովի մարզում»,-լրագողներին ասել է ԱՄՆ պատվիրակության ներկայացուցիչներից մեկը։
Սպասվում է, որ Բլինկենը Ուկրաինայում տիրող իրադրության շուրջ հանդես կգա հատուկ ուղերձով։
Սա Բլինկենի չորրորդ այցն է Կիեւ՝ ռուսական լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր, եւ առաջինը ապրիլի վերջին Ուկրաինային 61 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթը Կոնգրեսի հաստատելուց հետո: