Միջագային ու աշխարհաքաղաքական խրթին հարաբերությունների համատեքստում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեղի ունեցող քաղաքական նոր տեղաշարժերի էությունը հասկանալը բավականին բարդ է դարձել։
Վերջին ամիսներին առավել մեծ թափով ակտիվացած խաղաղության բանակցությունների եւ միջպետական սահմանների սահմանազտման գործընթացի շուրջ ընդհանրական պատկերացում ունենալու համար հասարակությունը օբյեկտիվ լուսաբանման կարիք ունի։
Առավել քան կարեւոր է, որ այդ լուսաբանումն անեն բանակցային սեղանի շուրջ նստող թե՛ հայ, եւ թե՛ ադրբեջանցի պաշտոնյաները։
Չնայած սահմանազատման հարցի շուրջ հայ հանրության շրջանում ձեւավորված ոչ միանաշանակ գնահատակններին, այս կամ այն չափով բանակցային գործընթացում հայկական կողմի դիրքորոշումը հայտնի է հասարակության ներսում։ Ամբողջական պատկեր ստանալու համար նման պարագայում կարեւոր է նաեւ հասկանալ ադրբեջանական կողմի ներկայացրած փաստարկներն ու պնդումները։
Այս տրամաբանությամբ էլ Ալիք Մեդիան առանց խմբագրման ներկայացնում է Հարավային Կովկասում հակամարտությունների, միջպետական հարաբերությունների կարգավորման եւ անվտանգության հարցերով փորձագետ, ինչպես նաեւ ընթացիկ հայ-ադրբեջանական բանակցությունների մասնակից Զաուր Շիրիեւի հոդվածը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման եւ սահմանազատման փուլի մեկնարկի վերաբերյալ։
Անցած տարի Ադրբեջանն իր վերահսկողության տակ վերադրաձրեց նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի՝ հայերի օկուպացրած տարածքի վերջին շրջանները, որոնց մի մասն արդեն վերականգնվել էր 2020 թվականին։ Վերքերը լիզող Հայաստանը շշմած էր, սակայն բարդագույն այս խնդրի ուժային լուծման արդյունքում թշնամական երկու հարեւանների միջեւ խաղաղության հնարավորությունը կարող է ավելի մոտ լինել, քան նախորդ 30 տարիների ընթացքում։
Լայն տարածաշրջանի ապագան կախված է այս խուսափողական խաղաղության գործարքի որակից
Այնուամենայնիվ, ողջ տարածաշրջանի ապագան կախված է այս խուսափողական խաղաղության գործարքի որակից: Վատ համակարգված համաձայնագիրը կարող է վերացնել հետագա զինված հակամարտությունների անմիջական վտանգը, սակայն հետագայում տեղ կթողնի ադրբեջանա-հայկական ճշգրիտ սահմանագծի շուրջ տարաձայնությունների համար:
Վատ գործարքը նաեւ որեւէ բան չի լուծի տարածաշրջանի առեւտրային ճանապարհների ապաշրջափակման հարցում, որոնց համար երկար ժամանակ խոչընդոտ են հանդիսացել փակ սահմանները, ինչն էլ իր հերթին մեծ խնդիր է ոչ միայն Հայաստանի, այլեւ Վրաստանի, Ադրբեջանի եւ մյուս հարեւանների տնտեսական զարգացման տեսանկյունից:
Այստեղ առավել վիճելի հարցը Ադրբեջանի եւ նրա արեւմտյան էքսկլավի՝ Նախիջեւանի միջեւ Հայաստանով անցնող տարանցիկ ապրանքների եւ մարդկանց նկատմամբ վերահսկողությունն է:
Հարավային Կովկասի երկրներն իրենց վեճերը լուծելու հարցում պետք է դադարեցնեն դրսից օգնության փնտրտուքը եւ փորձեն մշակել իրենց փոքր քայլերը՝ վստահության մակարդակը բարձրացնելու համար, ինչպես օրինակ՝ տարբեր ոլորտներում եւ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ եռակողմ համագործակցություն սկսելն է:
«Սառը խաղաղությունից» խուսափելը կարող է փոխակերպել Հարավային Կովկասը
Տարածաշրջանում լարվածությունը աճեց, երբ Ադրբեջանը 2020 թվականին իր վերահսկղության տակ առավ նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի եւ հարակից շրջանների հայերի օկուպացրած տարածքների մեծ մասը։
Չնայած երկու երկրների բանակները գտնվում էին բարձր մարտական պատրաստության վիճակում, այնուամենայնիվ քաղաքական գործիչները պնդում էին խաղաղության պայմանագիր ստորագրելու կարեւորությունը` հույս հայտնելով, թե այն կարող է ստորագրվել 2022 կամ 2023 թվականներին, ինչը, սակայն` տեղի չունեցավ։ Գուցե նրանք չափազանց շատ էին խոսել այդ մասին, կամ գուցե նրանց բնակչությունը չի կարողացել հասկանալ, թե որքան բարդ են խաղաղության համաձայնագրի պայմանների շուրջ բանակցությունները:
Խաղաղության կամ զինադադարի ցանկացած համաձայնության հասնելու արդյունավետ ճանապարհներից մեկը խնդրահարույց կետերից խուսափելն է, եւ կառուցողական երկիմաստությամբ (constructive ambiguity) դրույթներ ներառելը, որպեսզի ինչ-որ բանի շուրջ համաձայնության հասնելը հնարավոր դառնա: Ելնելով նախկին փորձից՝ Ադրբեջանը զգուշավոր է եղել նման իրավիճակից խուսափելու հատկապես 2022-2023 թվականներին։ 2020 թվականի հրադադարի մասին հայտարարությունը, որի միջոցով դադարեցվեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, ներառում էր մի քանի դրույթ, որոնք կողմերից յուրաքանչյուրը յուրովի էր մեկնաբանում, ինչը ցույց էր տալիս, որ այս մոտեցումը նշանակալի առաջընթաց չի արձանագրելու։
2023 թվականի սեպտեմբերին՝ երեք տասնամյակ անց, Ադրբեջանը վերականգնեց իր ինքնիշխանությունը Ղարաբաղի բոլոր հատվածների վրա։ Սա հանգեցրեց նրան, որ 100 հազար էթնիկ հայեր փախան Հայաստան`անվտանգության նկատառումներով պայմանավորված եւ Ադրբեջանի իշխանության ներքո ապրելուց հրաժարվելով:
Այս մասին հաճախ էին բարձրաձայնում ինքնահռչակ հայ առաջնորդները: Միեւնույն ժամանակ, նոր իրողությունը ոչնչացրեց խաղաղության բանակցությունների ամենադժվար հարցը։ Երեւանը պահանջում էր հավաստիացումներ Ղարաբաղի հայերի իրավունքների եւ անվտանգության վերաբերյալ, ինչն Ադրբեջանը հրաժարվում էր քննարկել՝ պատճառաբանելով, որ դա իր ներքին գործն է։
Այժմ Ղարաբաղի հարցը վերացել է, եւ չնայած Հայաստանի վրդովմունքին, դա նոր թափ է հաղորդել բանակցություններին։ Խաղաղության բանակցությունները սովորաբար իրականացվել են երրորդ կողմերի միջնորդությամբ, ինչպիսին օրինակ Եվրամիությունն է, սակայն առաջին անգամ Բաքվի եւ Երեւանի պաշտոնյաները հանդիպել են ինքնուրույն, եւ կոնկրետ արդյունքներ արձանագրել:
Այդպիսի հաջողություններից մեկը 2023 թվականի դեկտեմբերի 7-ին կնքված համաձայնագիրն էր, որի միջոցով կողմերը գերիներ փոխանակեցին։ Հայաստանը հրաժարվեց Բաքվում 2024 թվականի նոյեմբերին COP-29 գլոբալ բնապահպանական գագաթնաժողովը հյուրընկալելու դեմ վետոյի իր իրավունքից: Իր հերթին Բաքուն աջակցեց Երեւանի` այդ գագաթնաժողովի համար տարածաշրջանային գրասենյակ տեղակայելու հայտին: Սա առաջին դեպքն էր, երբ երկու երկրները ձեռնպահ մնացին վետո կիրառելուց` փոխարենը ակտիվորեն աջակցեցին միմյանց միջազգային ֆորումներում:
Այս ընթացքը խաղաղության համաձայնագրի շուրջ նոր հույսեր առաջացրեց, քանի որ Ադրբեջանը ըստ էության ընդունեց «փաստացի խաղաղության» գոյությունը։
Այնուամենայնիվ, դեռեւս կա խիստ վիճելի երկու հարց․
1․ երկու կողմերի միջեւ ճշգրիտ սահմանի որոշման սկզբունքների հաստատում եւ կապի (հաղորդակցության) կարգավորման խնդրի լուծում
2․ տարածաշրջանում առեւտրային եւ տրանսպորտային ուղիների ապաշրջափակում, որոնք խոչընդոտվում են արեւմուտքում Հայաստանի հետ Թուրքիայի սահմանների, իսկ արեւելքում՝ Ադրբեջանի հետ փակ լինելու պատճառով։
Այս հարցերը շրջանցել հնարավոր չէ, եթե իսկապես ուզում ենք լիակատար հաջողություն ունենալ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ:
Այսպես, եթե կողմերը, միայն համաձայնագրի ստորագրման համար բաց թողնեն այդ հարցերի հղումները կամ չկարողանան դրանց լուծման սկզբունքները հստակեցնել, հատկապես տրանսպորտային հաղորդակցության հետ կապված, դա հավանաբար կհանգեցնի «սառը խաղաղության»: Սա կարող է վերացնել պատերազմի վտանգը եւ հաստատել հիմնարար սկզբունքներ, ներառյալ տարածքների ճանաչումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, սակայն այս գործընթացը կարող է նաեւ տարածաշրջանում նոր` անբավարար ստատուս քվոյի ամրապնդման վտանգ ստեղծել:
Սա կարող է Հարավային Կովկասում իրավիճակի «նորմալիզացման» խոչընդոտ հանդիսանալ: Ադրբեջանի, Վրաստանի ու Հայաստանի միջեւ բաց սահմաններով զգալի համագործակցության խթանումը եւ Արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ աշխարհաքաղաքական մրցակցության պայքարի ասպարեզ դառնալու հեռանկարը հատկապես սրվեց երկու տարի առաջ Ռուսաստանի` Ուկրաինա ներխուժելուց հետո:
Մյուս կողմից, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ համապարփակ եւ հեռանկարային խաղաղության համաձայնագիրը, որն անհրաժեշտ ձեւով կսահմանի ընդհանուր սահմանը եւ կբացի առեւտրի ու ազատ տեղաշարժի հեռանկարը, հնարավորություն կտա խուսափելու նման «սառը խաղաղությունից» եւ կարող է իրական հիմքեր ստեղծել տարածաշրջանի հետագա զարգացման համար:
Սահմանազատում
Խորհրդային Միության փլուզման պահին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա վարչական սահմանը փաստացի վերածվեց միջպետական սահմանի Հարավային Կովկասի երկու հանրապետությունների միջեւ` ավելի քան 1000 կմ երկարությամբ, սակայն ճշգրիտ սահմանագծում ու սահմանազատում տեղի չի ունեցել մինչ օրս։ Երկու կողմերի սահմանային հանձնաժողովները փորձում են համաձայնեցնել որոշակի տրամաբանություն, սակայն տարաձայնություններ կան, թե կոնկրետ ո՞ր քարտեզները պետք է օգտագործվեն որպես ելակետ:
Երեւանը կողմ է 1974-1976 թվականների ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզին եւ ցանկանում է, որպեսզի երրորդ կողմի միջնորդությամբ լուծվեն բոլոր այն վեճերը, որոնք կողմերը միայնակ չեն կարողանում լուծել: Իր հերթին Բաքուն գտնում է, որ մեկ քարտեզի վրա հիմնվելը (ինչն ըստ Ալիեւի ձեռնտու է Հայաստանին) անհիմն է։ Ադրբեջանը կողմ է արտահայտվում խորհրդային ժամանակների բոլոր համապատասխան քարտեզները եւ տեխնիկական փաստաթղթերը հաշվի առնելուն եւ դեմ է վեճերի լուծման համար երրորդ կողմի ներգրավմանը՝ պնդելով, որ սա անհարկի լիազորություններ կտա արտաքին արբիտրին եւ կհետաձգի առաջընթացը, եթե կողմերից որեւէ մեկը դիմի նրանց թեկուզ ամենափոքր անհամաձայնության դեպքում:
«Անկլավային եւ էքսկլավային գյուղերը» խորհրդային վարչատարածքային ղեկավարների կողմից «ոչ ճիշտ» տեղում թողնելը հստակ սահման ունենալու պարագայում խորացնում են խնդիրները։ Հայաստանը վերահսկում է չորս անկլավային եւ չորս էքսկլավային ադրբեջանական գյուղեր, մինչդեռ Ադրբեջանն ունի մեկ հայկական էքսկլավային գյուղ։
Անդրադառնալով էքսկլավային գյուղերի իրավիճակին, թվում է, թե կողմերից ոչ մեկը չի շտապում կոնկրետ լուծման գնալ: Այսուհանդերձ, նրանք բաց են այլընտրանքային լուծումների փնտրտուքի հարցում, ներառյալ այս էքսկլավների պոտենցիալ փոխանակման տարբերակը, որը կողմերից ոչ մեկը չի մերժել: Այնուամենայնիվ, դա կարող է տեւել տարիներ եւ վերջնական տեսքի գալ միայն սահմանազատման գործընթացի ավարտից հետո, չնայած որ Ադրբեջանը պահանջել է անհապաղ վերադարձնել իր չորս անկլավային գյուղերը:
Վերջին երկու ամիսների ընթացքում՝ մարտից ապրիլ ընկած ժամանակահատվածում, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովներն ակտիվորեն քննարկել են այս հարցը։ 2023 թվականի ապրիլի 19-ին կայացած հանդիպման ժամանակ նրանք պայմանավորվածություն են ձեռք բերել սկսել սահմանագծման եւ սահմանազատման առաջին գործնական աշխատանքները, ինչը ենթադրում է անկլավային չորս գյուղերի վերադարձ Ադրբեջանին։
Հայաստանն ու Ադրբեջանը անհամաձայնություն ունեն նաեւ վստահության ամրապնդման քայլերի շուրջ։ Երեւանը պնդում է, որ խաղաղության համաձայնագիրը պետք է ապահովի սահմանային գոտուց երկու կողմերի զինված ուժերի հետ քաշումը: Բաքուն էլ պնդում է, որ 2021 եւ 2022 թվականներին սահմանային բախումների ժամանակ որոշ ռազմավարական բարձունքներ է գրավել Հայաստանի ներսում, սակայն հերքում է հայկական տարածք գրավելը եւ դեմ է արտահայտվում ուժերի որոշակի հեռավորությամբ հետ քաշվելու մոտեցմանը՝ պնդելով, որ ցանկացած պահանջ եւ հակընդդեմ առաջարկ պետք է լուծվի սահմանազատման գործընթացի շրջանակներում։
Ընդհանուր առմամբ, թվում է, թե կողմերը հասկանում են, որ սահմանագծումը երկար ժամանակ կպահանջի։ Հետեւաբար, համատեղ սահմանային հանձնաժողովը 2023 թվականի նոյեմբերից ավելի հաճախ է հանդիպել։ Այս ջանքերը հուշում են, որ, չնայած բարդ խնդիրների առկայությանը` փոխադարձ ընդունելի լուծում գտնելն այնուամենայնիվ հնարավոր է ։
Փոխարենը, կապի (տրանսպորտային ենթակառուցվածքների) խնդիրը, որը լի է տարածաշրջանային ուժերի մրցակցությամբ եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ շահերի բախմամբ, շարունակում է մնալ առավել վիճելի եւ քաղաքականացված:
Վիճահարույց եւ աշխարհաքաղաքականացված կապ
Կապակցել նշանակում է ապաշրջափակել բոլոր տնտեսական եւ տրանսպորտային ենթակառուցվածքները Ադրբեջանի եւ Հայաստանի, ինչպես նաեւ նրանց հարեւանների միջեւ: Այս հարցն օրակարգ է մտել 2020 թվականից ի վեր, երբ Ադրբեջանը վերադարձրեց մոտ երեք տասնամյակ առաջ Հայաստանին զիջած հողերի մեծ մասը։ Թեեւ քաղաքական գործոններն ու հակամարտությունները պատմականորեն գերակայել են Հարավային Կովկասի կապի նախագծման մեջ, այնուամենայնիվ դրանք միշտ եղել են հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացների անբաժանելի մասը, իսկ երկաթուղու եւ այլ տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, հաճախ ներառված են եղել խաղաղության պայմանագրի նախկին առաջարկներում:
2020 թվականի հրադադարի համաձայնագիրը ներառում էր դրույթներ՝ տրանսպորտային կապեր կառուցելու շուրջ, որը Ադրբեջանը կապելու է իր էքսկլավ Նախիջեւանի հետ, որը տեղակայված է Հայաստանի արեւմտյան հատվածում եւ սահմանակից է Թուրքիայի ու Իրանի հետ։ Ռուսական սահմանապահ զորքերը պետք է պատասխանատվություն կրեին Հայաստանով անցնող այս երթուղու անվտանգության համար, որը Բաքուն անվանում է «Զանգեզուրի միջանցք» եւ էական է համարում։ Էքսկլավը ենթարկվել է հայկական արդյունավետ շրջափակման 1990-ականների սկզբից եւ Ադրբեջանից այնտեղ կարելի է հասնել միայն Իրանի տարածքով՝ հարավային շրջանցող ուղիով:
2020 թվականի հրադադարի համաձայնագրում կար փոխադարձության տարր։ Ռուսական զորքերը պետք է վերահսկեին Հայաստանի տարածքով անցնող եւ Ադրբեջանի տարածքի երկու հատվածները միմյանց կապող ուղին, ճիշտ այնպես, ինչպես Հայաստանի եւ հայաբնակ Ղարաբաղի միջեւ եղած ճանապարհն էր (Լաչինի միջանցք):
Սակայն 2023 թվականի ապրիլին Ադրբեջանը իր վերահսկողությունը սահմանեց Լաչինի ճանապարհի վրա։ Հետեւաբար, Հայաստանն այժմ կարծում է, որ պետք է վերահսկի Նախիջեւան տանող ճանապարհի անվտանգությունը, իսկ Ռուսաստանը իրականացնի դրա վերահսկողությունը: Երեւանի դիրքորոշումը կարծրացել է այն բանից հետո, երբ Ադրբեջանը իր վերահսկողության տակ վերցրեց հայաբնակ Ղարաբաղը, որը պայմանավորված է Ռուսաստանի նկատմամբ աճող դժգոհությամբ, որին նա մեղադրում էր 2020 թվականի զինադադարի համաձայնագրով իր անվտանգային պարտավորությունները անտեսելու մեջ` հատկապես Ղարաբաղի հայերի հարցում:
Չնայած դրան, 2023 թվականի սեպտեմբերից Ադրբեջանն ու Հայաստանը որոշակի առաջընթաց են արձանագրել բանակցություններում՝ քննարկելով ողջ տարածաշրջանի ապաշրջափակումը եւ կապի ամրապնդումը՝ հստակ կանոններ սահմանելու ճանապարհով։ Այս սկզբունքները, որոնք կապված չեն միայն Նախիջեւանի էքսկլավի հետ, ներառում են երկաթուղիները, մայրուղիները, օդային տրանսպորտը եւ գազի ու էլեկտրաէներգիայի տարանցումը երկու երկրների միջեւ՝ կողմերի ինքնիշխանությունը, իրավասությունը, հավասարությունն ու փոխադարձությունը հարգելով:
Սակայն գլխավոր չլուծված խնդիրն այն է, թե ինչպես կարելի է վերականգնել Ադրբեջանը եւ Նախիջեւանը կապող ուղին: Ադրբեջանը ցանկանում է, որ ադրբեջանցի ուղեւորները եւ տարանցիկ ապրանքները նվազագույն առնչություն ունենան հայկական կողմի հետ՝ «Ադրբեջանից դեպի Ադրբեջան» կարգախոսով։ Ադրբեջանը, ի հավելումն արդեն համաձայնեցված չորս սկզբունքների, նաեւ պնդում է հավելյալ սկզբունքների ներդրման վրա․ հարգանք ինքնիշխանության, իրավասության, հավասարության եւ փոխադարձության նկատմամբ։
Բաքուն հայտարարում է, որ ցանկացած գործարք պետք է արտացոլի 2020 թվականի հրադադարի համաձայնագրի դրույթները՝ անարգել կապի ապահովման մասով։ Միջազգային հանրությունը դա սխալ կերպով մեկնաբանում է որպես Ռուսաստանի վերահսկողության պահանջ: Այնուամենայնիվ, ճանապարհների անվտանգության այլընտրանքային լուծումը անցումային շրջանում կարող է ներառել չեզոք երրորդ կողմի` կամ մասնավոր ընկերության ներգրավում, մինչեւ Հայաստանի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորումը:
Ադրբեջանը նաեւ ձգտում է թույլ չտալ որպեսզի այս խնդիրը շղարշվի աշխարհաքաղաքական լարվածությամբ եւ Ռուսաստանի, Իրանի ու Արեւմուտքի մրցակցությամբ։ Արեւմտյան երկրները Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների կարգավորումը դիտարկում են որպես Հայաստանում ռուսական ազդեցության թուլացում։
Բաքուն չի ցանկանում օգնել Արեւմուտքին առանց դրա դիմաց ինչ-որ բան ստանալու՝ դժգոհելով, որ Արեւմուտքը քիչ բան է արել Ադրբեջանի նախկինում օկուպացված տարածքների վերականգնման հարցում եւ դրա փոխարեն նախապատվություն է տալիս Հայաստանին, հատկապես ֆինանսական առումով: Բաքուն ասում է, որ իրեն միլիարդավոր դոլարներ են անհրաժեշտ՝ 1990-ականների Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո հայերի կողմից ավերված եւ թալանված ադրբեջանական քաղաքների վերականգնման համար:
Ռուսաստանը` չնայած զբաղված է Ուկրաինայի հետ պատերազմով, բայց նույնպես պայքարում է ազդեցության համար։ Եթե որեւէ երկիր ցանկանում է «արտատարածքային վերահսկողության» տարբերակ ունենալ, որը հաճախ վերագրվում է Ադրբեջանին, ապա դա Ռուսաստանն է, որը նպատակ ունի ինքնուրույն ապահովել դեպի Նախիջեւան ուղու լիարժեք անվտանգությունը:
Իրանը, մյուս կողմից, դեմ է ցանկացած նման լուծման՝ պնդելով, որ դեմ է տարածաշրջանում «աշխարհաքաղաքական փոփոխություններին»: Իրականում, Իրանը դեմ է ցանկացած այնպիսի զարգացման, որն ավելի լավ կկապի Ադրբեջանը եւ Թուրքիան, ինչպես նաեւ Կենտրոնական Ասիան, քանի որ դա կնվազեցնի Իրանի տնտեսական օգուտները, օրինակ՝ տարանցման վճարների մասով:
Այս տարաձայնությունները ցույց են տալիս, որ Ռուսաստանը կամ Իրանը կարող են բարդացնել կամ նույնիսկ խարխլել Բաքվի ու Երեւանի միջեւ ցանկացած պայմանավորվածություն։ Առաջ գնալու համար Բաքուն եւ Երեւանը պետք է ոչ միայն պայմանավորվեն կապի սկզբունքների շուրջ, այլ նաեւ գտնեն դրանց իրականացման ուղիները: Նրանք պայմանավորվել են ինքնիշխանության լիարժեք հարգանքի եւ իրավասության, ինչպես նաեւ հավասարության եւ փոխադարձության շուրջ։ Այնուամենայնիվ, «փոխադարձությունը» տարբեր դերակատարների համար կարող է տարբեր նշանակություն ունենալ: Ընդհանուր ըմբռնում գտնելն այն մասին, թե ինչ են նշանակում այս անորոշ սկզբունքները գործնականում եւ այդ համաձայնագիրը վերածել կոնկրետ, իրագործելի քայլերի, լուրջ մարտահրավեր է երկու կողմերի համար էլ։
Նորմալացում սեփականացնելու ճանապարհով
Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագիրը մնում է որպես «սառը խաղաղությունից» խուսափելու բանալի՝ հարաբերությունները եւ տարածաշրջանը կարգավորելու միակ ճանապարհ։ Հարեւան երկու ժողովուրդներից էթնիկ փոքրամասնություններ ունեցող հարեւան Վրաստանի համար Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղությունը չափազանց կարեւոր է: Թբիլիսին փորձել է ակտիվացնել կողմերի փոխվստահության մեթոդները, օրինակ՝ դյուրացնելով պահվող անձանց եւ ականապատ դաշտերի քարտեզների փոխանակումը 2021 թվականին։ Այն նաեւ կրկնել է խաղաղ բանակցությունների համար «լավ ծառայությունների» իր առաջարկը: Սակայն ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ Հայաստանը դրա անհրաժեշտությունը ներկա պահին չեն տեսնում, քանի որ բանակցում են ուղղակիորեն։ Այնուամենայնիվ, երեք երկրների վարչապետները հանդիպեցին Վրաստանում 2023-ի հոկտեմբերին, որը դարձավ եռակողմ բանակցությունների առաջին եւ ոչ պաշտոնական փորձը։ Ավելի շատ համագործակցություն եւ խորհրդակցություններ են անհրաժեշտ՝ տարածաշրջանի նորմալիզացման եւ տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական մրցակցությունների հնարավոր վնասները նվազեցնելու համար:
Մինչ այս պահը, համագործակցության միակը, որը քննարկվում է 2020 թվականից ի վեր, տարածաշրջանային 3+3 ձեւաչափն է, որը ներառում է տարածաշրջանային 3 երկրները (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) եւ տարածաշրջանային 3 ուժերը՝ Իրան, Ռուսաստան եւ Թուրքիա: Այսուհանդերձ, Թբիլիսին հրաժարվում է Ռուսաստանի հետ նման ֆորմատով բանակցություններից, որն օկուպացրել է իր տարածքի 20%-ը (Աբխազիա եւ Հարավային Օսիա)։
Այս ձեւաչափն արդյունավետ չի եղել, քանի որ տարածաշրջանային տերությունները տարբեր շահեր ունեն եւ բախվում են տարածաշրջանի երեք երկրների հետ կապված տարբեր մարտահրավերների հետ: Բացի այդ, Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումն Ուկրաինա գործնականում անպիտան է դարձրել 3+3 (կամ իրականում 3+2) ձեւաչափը։ Արեւմտյան երկրները հույս ունեն նվազեցնելու ռուսական ազդեցությունը տարածաշրջանում, ինչպես նաեւ խրախուսում են դեպի Եվրոմիություն Վրաստանի քայլերն ու Ռուսաստանից Հայաստանի հեռանալը: Այս երկու երկրների նկատմամբ Արեւմուտքի առաջարկներն, ըստ ծրագրի կամ լռելյայն, ավելի են բարդացրել տարածաշրջանային երեք երկրների միավորումը, քանի որ Ադրբեջանը նպատակ չունի ինտեգրվելու ԵՄ-ին, հեռու է մնում պատժամիջոցներից եւ ցանկացած այլ գործողություններից, որոնք կարող են տհաճություն պատճառել Ռուսաստանին:
Հարավային Կովկասն իր վեճերը լուծելու համար դրսից օգնություն փնտրելու պատմություն ունի։ Տարածաշրջանը դեռեւս չի փորձել խնդիրները լուծելու ինքնուրույն կարգավորումներ գտնելու տրամաբանությունը: Ժամանակն է, որ երեք երկրները լուծումներ գտնեն տեղում եւ պատասխանատվությունը վերցնեն իրենց վրա։ Նման մոտեցումը նախկինում գրեթե անհնար էր ադրբեջանա-հայկական հակամարտության պատճառով, սակայն այժմ, քանի որ երկու երկրները կարող են գնալ խաղաղության համաձայնագրի եւ կարգավորել հարաբերությունները, եռակողմ համագործակցության եւ խորհրդակցությունների սկիզբը կարող է առաջընթացի ճանապարհ լինել:
Սա պետք է սկսվի նվազագույն նպատակներից՝ կապված փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի հետ՝ սկսած տնտեսությունից, լոգիստիկայից եւ առեւտրից մինչեւ շրջակա միջավայր եւ էներգետիկա: Որպես մոդել կարող է ծառայել Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի միջեւ համագործակցության ձեւաչափը, որտեղ քննարկումներ են ծավալվում այդ երկրների տարբեր գերատեսչությունների մակարդակով:
Քննարկումները կարող են սկսվել, օրինակ, էներգետիկայի եւ շրջակա միջավայրի փոխնախարարների միջեւ՝ հաշվի առնելով, որ բարձր մակարդակի COP29-ն անցկացվելու է Ադրբեջանում։ Երեք երկրները կարող են առաջնահերթություն տալ շրջակա միջավայրի եւ կլիմայի փոփոխությանը, այն երկու ոլորտներին, որտեղ Հարավային Կովկասը կարող է իսկապես տարածաշրջանային մոտեցում մշակել:
Եռակողմ համագործակցությունը սկզբնական փուլում կարող է դիտարկել նաեւ առեւտրի եւ տրանսպորտի ոլորտները: Համատեղ երկխոսությունը եւ պատասխանատվություն ստանձնելը կարող է հիմք դառնալ տարածաշրջանում իրավիճակի իրական «նորմալիզացիայի» համար:
Պատրաստեց՝ Բորիս Ղազարյանը