Եկել է ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ դրա հետ կապված բոլոր ինստիտուտները վերացնելու ժամանակը։ Այս մասին ասել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւը՝ մայիսի 14-ին ընդունելով ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, եվրոպական գործերի եւ առեւտրի նախարար Յան Բորգի գլխավորած պատվիրակությանը։
Ալիեւը իր խոսքում նշել է, ոչ չնայած Արցախյան հակամարտությունը եղել է ԵԱՀԿ օրակարգում այս ինստիտուտի ստեղծումից ի վեր, այնուամենայնիվ «ո՛չ այս կազմակերպությունը, ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մեխանիզմը ոչինչ չարեցին հակամարտության հետեւանքները վերացնելու, ադրբեջանական տարածքները օկուպացիայից ազատելու եւ ներքին տեղահանվածներին վերադարձնելու համար»։
Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ շուրջ 30 տարվա ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմակերպած բանակցային գործընթացը ծառայել է, իր բնութագրմամբ, «ադրբեջանական տարածքների օկուպացիայի շարունակմանը»։
Ալիեւը իր խոսքում պնդել է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունն արդեն անցյալում է եւ գոյություն չունի, հետեւաբար եւ եկել է ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ դրա հետ կապված բոլոր ինստիտուտները վերացնելու ժամանակը։
«Ադրբեջանական կողմը բարձրացրել է այս հարցը, եւ որեւէ պատճառ չկա, որ հայկական կողմը չհամաձայնի սրա հետ»,-ասել է Ալիեւը։