Կրեմլը չի միջամտում Վրաստանի ներքին գործերին, ի տարբերություն Արեւմուտքի, որը նույնիսկ սպառնում է պատժամիջոցներ կիրառել այս երկրի դեմ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Վրաստանի խորհրդարանում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի քննարկման շուրջ ստեղծված իրավիճակը։
«Մենք արդեն մեկ անգամ չէ, որ ասել ենք, որ դա Վրաստանի համար բացարձակապես ներքին խնդիր է, եւ մենք չենք ցանկանում որեւէ կերպ միջամտել այնտեղ։ Մի կողմից, մենք տեսնում ենք իրենց երկրի ներքին գործերին բացահայտ միջամտությունից ապահովագրելու Վրաստանի ղեկավարության մեծ ցանկությունը, ինչպես դա անում է աշխարհի երկրների ճնշող մեծամասնությունը։ Մյուս կողմից, տեսնում ենք Վրաստանի ներքին գործերին դրսից անթաքույց միջամտություն»,-TACC-ի փոխանցմամբ ասել է Պեսկովը եւ հավելել․ «Մենք նույնիսկ լսում ենք Վրաստանի դեմ պատժամիջոցների սպառնալիքներ, եթե նրանք իրենց երկրում այս կամ այն օրենք ընդունեն»։
Նա ընդգծել է, որ իր նշածը ուղղակի միջամտություն է Վրաստանի ներքին գործերին, մինչդեռ Ռուսաստանը չի միջամտում «եւ մտադիր չէ միջամտել ապագայում»։
Մայիսի 13-ին վրացական «Իմեդի» եւ «Ռուսթավի 2» կառավարամետ հեռուստաալիքները հայտնել են, որ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալը եւ ԱՄՆ պատժամիջոցների քաղաքականության համակարգող Ջիմ Օ՛Բրայենը Վրաստան է ժամանում՝ իշխող կուսակցության հիմնադիր եւ պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի դեմ պատժամիջոցների կոնկրետ փաթեթով։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել Օ’Բրայենի հետ։ Այսօր արդեն Վաշինգտոնի ներկայացուցիչը բանակցություններ է վարել Կոբախիձեի հետ։