Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ, ԱՄՆ պատժամիջոցների քաղաքականության համակարգող Ջեյմս (Ջիմ) Օ’Բրայենի հետ։ Կառավարության վարչակազմը հայտնում է, որ հանդիպման մասնակիցները «անկեղծ զրույց են ունեցել վրաց-ամերիկյան հարաբերությունների բոլոր հարցերի շուրջ»։ Կողմերն անդրադարձել են նաեւ Վրաստանում վերջին մի քանի տարիների ընթացքում տեղ գտած գործընթացներին։
«Իրակլի Կոբախիձեն Ջիմ Օ՛Բրայենին բացատրել է նաեւ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման անհրաժեշտությունը եւ եւս մեկ անգամ հայտնել է իշխող թիմի պատրաստակամությունը վետոյի ընթացակարգի շրջանակներում դիտարկելու միջազգային գործընկերների բոլոր իրավական դիտարկումները։ Վարչապետը նշել է, որ Վրաստանի կառավարությունը շահագրգռված է ԱՄՆ-ի հետ գործընկերության խորացմամբ, ինչը պահանջում է փոխադարձ ջանքեր եւ արդար հարաբերություններ»,-ասվում է կառավարության հաղորդագրության տեքստում։
Օ’Բրայենը Թբիլիսի է ժամանել այսօր՝ մայիսի 14-ին։ Մինչ նրա այցը, վրացական մի շարք լրատվամիջոցներ հաղորդում էին, որ պետքարտուղարի տեղակալը Վրաստան է մեկնում իշխող կուսակցության հիմնադիր եւ պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի դեմ պատժամիջոցների կոնկրետ փաթեթով եւ մտադիր է քննարկել այդ հարցը անձամբ նրա հետ։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ավելի վաղ լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ամերիկացի քաղաքական գործչի հետ։
«Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ ինքը դե ֆակտո արդեն պատժամիջոցների տակ է, սառեցվել է իրեն պատկանող 2 միլիարդ դոլարը, որը փաստացի վստահել էր Արեւմուտքին, եւ, ցավոք, այդ գումարները հայտնվել են «համաշխարհային պատերազմի» կողմնակիցների ձեռքում»,- ասել է վարչապետը։