Ժամանակն է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերած համաձայնությունները դնել խաղաղության պայմանագրի մեջ եւ ստորագրել այն։ Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին» շրջանակներում անցկացվող «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (“From the frontline: Armenia’s defence of democracy”) թեմայով քննարկմանը:
«Չնայած բոլոր մարտահրավերների, Հայաստանը հավատում է, որ ժողովրդավարության իրական եւ ամենահավակնոտ ուղեկիցը հարատեւ եւ կայուն խաղաղությունն է:Իմ գլխավորած կառավարությունն այս առումով վերցրել է իր պատասխանատվության բաժինը։ Վերջերս մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք Ադրբեջանի հետ՝ սկսելու մեր միջպետական սահմանների սահմանազատումն Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրի հիման վրա»,-ասել է Փաշինյանը։
Վարչապետը բացատրել է, որ սա նշանակում է, որ երկրների մեիջեւ սահմանազատում կատարելիս կողմերը պարզապես պետք է վերարտադրեն Խորհրդային Հայաստանի եւ Խորհրդային Ադրբեջանի միջեւ եղած վարչական սահմանները, որոնք Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն դարձել են պետական սահմաններ։
«Սահմանների սահմանազատման մեկնարկը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Ալիեւի եւ իմ միջեւ քառակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնության իրականացումն է։ Այժմ ժամանակն է ներառել եւ արտացոլել այդ համաձայնությունները խաղաղության պայմանագրում եւ ստորագրել այն»,-ասել վարչապետը։
Որպես տարածաշրջանային կայունության մեկ այլ առանցքային գործոն Փաշինյանը կրկին նշել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։
«Այս նախագիծը ենթադրում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը վերականգնում եւ բացում են տրանսպորտային եւ այլ հաղորդակցություններն այն երկրների ինքնիշխանության ու իրավազորության ներքո, որոնց միջով դրանք անցնում են, եւ հիմնված է հավասարության եւ փոխադարձության սկզբունքների վրա։ Հայեցակարգի այս տարրերը համաձայնեցվել են 2023 թվականի հուլիսի 15-ին Ադրբեջանի նախագահի եւ իմ հանդիպման ժամանակ, որը վարում էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, եւ արտացոլված են հանդիպման արդյունքներով նախագահ Միշելի հրապարակային հայտարարության մեջ: Մենք պատրաստ ենք շարժվել համաձայնեցված կետերի իրականացման ուղղությամբ»,-ասել էվարչապետ Փաշինյանը։