«Այսօր էլ կգնայի Ազատության հրապարակ՝ նստացույցի՝ Ղարաբաղի մեր քույր-եղբայրների ու նրանց իրավունքների պաշտպանության համար»,- 36 տարվա հեռավորությունից հիշելով 1988-ի մայիսի 14-ը՝ «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասում է ուսանողական նստացույցի կազմակերպիչներից Հովակ Հովակիմյանը։
Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի նախկին ուսանողը լավ է հիշում այդ օրը։ Ղարաբաղից մտավորականներ էին եկել, ուսանողներն էլ ուզում էին անձամբ իրենցից լսել՝ ինչ է կատարվում։ Հովակիմյանը, որ այդ ժամանակ կոմերիտմիության քարտուղարն է եղել, մյուսների հետ նախաձեռնել է հանդիպումը։
Նա լավ է հիշում բանասիրական ֆակուլտետի 220 լսարանում հնչած ելույթները։ Գրող Գուրգեն Գաբրիելյանի գրքի քննարկման քողի տակ հյուրերը ներկայացրել են՝ ինչ է կատարվում։ Գրքի շնորհանդեսը վարել է Տիգրան Նաղդալյանը, որ այդ ժամանակ 5-րդ կուրսի ուսանող էր։
«Ելույթներից պարզ դարձավ, որ Հայաստանի կոմունիստական կուսակցության ղեկավարությունը Մոսկվայում հրաժարվել է Ղարաբաղի հարցի հետապնդումից: Մարզխորհրդի որոշմամբ Ղարաբաղից դիմել էին Հայաստանին, եւ վերջինս պետք է ինչ-որ արձագանք տար դիմումին: Միջոցառման ժամանակ դահլիճի հետնամասում հավաքված էինք 5-6 հոգով։ Ուղղակի ասացի՝ այս վիճակն անտանելի է, պետք է մենք ձայն հանենք: Առաջարկեցի գնալ Ազատության հրապարակ, նստել ու վեր չկենալ, մինչեւ պետության ղեկավարները չհայտարարեն, որ պաշտոնապես հետապնդում են այդ խնդիրը, այն պետության օրակարգում է»,-հիշում է Հովակիմյանն ու նշում՝ ամեն ինչ հանպատրաստից է եղել։
Հայտարարել են այդ որոշման մասին, մոտ 20-30 ուսանողներով շարժվել Ազատության հրապարակ։ Մինչ տեղ հասնելը հասցրել են նաեւ Ղարաբաղ կոմիտեի անդամներին տեղեկացնել։
«Դեռ չէինք հասել հրապարակ, Ղարաբաղ կոմիտեից մեր պատվիրակները վերադարձան: Ասել էին՝ կարծիք չունեն մեր ակցիայի մասին, համարում են, որ անիմաստ է, դիրքորոշում չի փոխի, դեր չի խաղա իշխանության մոտ։ Բայց մենք հավատում էինք ու շարունակեցինք»,-ասում է Հովակիմյանը։
Առաջին ժամերին նստացույցի մասին իմացել են բանասիրականի մյուս կուրսերի ուսանողերը, հետո տարբեր ֆակուլտետների ուսանողներ, հետո արդեն՝ այլ բուհերի, գյումրեցի ուսանողերն են քայլերթով միացել։ Կարճ ժամանակում Ազատության հրապարակը լցվել է։
«Այդ օրը նույնիսկ պահանջը հստակեցված չէր։ Ուղղակի պահանջում էինք պաշտոնական հավաստիացում, որ հետապնդում են խնդիրը, ու հարցը պետական, համազգային հարց է, եւ իրենք հետամուտ են լինելու: Հավաքը կարճ ժամանակում մեծացավ․ հարյուրավոր, նույնիսկ հազարի չափ ուսանողներ էին միացել, նաեւ երիտասարդ դասախոսներ։ Ավագները խուսափում էին»։
Արդեն առաջին օրվանից մոտեցել են ուսանողներին, հորդերել չանել նստացույցը: Հաջորդող օրերին Կոմունիստական կուսակցության, պետության ղեկավարի պարտականությունները կատարող Վլադմիր Մովսիսյանն է հանդիպման հրավիրել։
«Մի առաջարկություն եղել է Վլադմիր Մովսիսյանից, մի առաջարկություն՝ այդ ժամանակվա կրթության նախարար Սեմյոն Հախումյանից (ՀԽՍՀ լուսավորության նախարար (1973-1989)), մեկը՝ քաղկոմի քարտուղարից: Համոզում էին դադարեցնել նստացույցը, բայց մենք հստակ ձեւակերպել էինք մեր պահանջը՝ պաշտոնական հավաստիացում, որ Ղարաբաղի հարցն օրակարգում է»։
Բանավոր ասել են՝ կկատարեն պահանջը, բայց ուսանողությունը պաշտոնական հայտարարություն է պահանջել, նաեւ՝ հեռուսատեսությամբ։
«Սկսեցինք մտածել, որ ավելի ճիշտ է, որ Գերագույն խորհրդի նստաշրջան հրավիրվի, եւ ԼՂԻՄ մարզխորհրդի որոշմանը Գերագույն խորհրդից պատասխան լինի»։
Վլադմիր Մովսիսյանը հեռուստատեսությամբ հայտարարել է, թե հետամուտ են խնդրին։ Քանի որ ուսանողները խոստացել էին հայտարարության դեպքում նստացույցը դադարեցնել, հնարամտության են դիմել։
Քննարկումների արդյունքում որոշվել է, որ Հովակ Հովակիմյանը կհայտարարի՝ առաջին օրը նստացույց հայտարարած ուսանողներն այն կդադարեցնեն, բայց պատասխանատվություն չեն կրում այն ուսանողների համար, որոնք ավելի ուշ են միացել։ Եթե նրանք շարունակեն, իրենք էլ կմիանան։
Հաջորդող օրերին արդեն սկսել են ստորագրահավաքը՝ Գերագույն խորհրդի նստաշրջան սկսելու համար։
«Այդ նստացույցերը մեկ ամիս տեւեցին: Նույնիսկ փորձեցինք ուսանողական կազմակերպություն ստեղծել, որ ավելի կազմակերպված բնույթ ստանա: Այդքան էլ հաջող չէր, ուսանողական խմբակ առանձնացավ՝ տխրահռչակ Նաիրի Հունանյանի «Հայ ուսանողության դաշինքը»: Կազմակերպությունը թերթ հրապարակեց, որի խմբագիրն էր Նաիրին: Նա ակտիվ ուսանողներից մեկն էր, բայց չի կարելի ասել, թե կազմակերպիչ էր: Ընդհանուր ակտիվություն կար. ոչ ոք չէր կարող մտածել՝ կողքիդ ընկերը ինչ կդառնա կամ ինչ հայացքներ կունենա»,-ասում է Հովակիմյանը։
Նստացույցի շրջանում Ղարաբաղ կոմիտեի կազմն էլ է փոփոխությունների ենթարկվել։ «Միտինգները մարել էին, նստացույցը դրանց կարծես թափ հաղորդեց։ Սկզբում Ղարաբաղ կոմիտեի այն անդամները, որ մեզ խորհուրդ չէին տալիս նստացույց անել՝ ասելով, թե դա ճանապարհ չէ, հետո նույնիսկ խոստովանեցին, որ դա իրենց շատ օգնեց հավաքել հասարակությանը: Նստացույցին միացան նաեւ հացադուլավորներ: Օրինակ՝ Շանթ Հարությունյանն ու իր խմբի 4-5 անդամներ»,-հիշում է Հովակիմյանը։
Այն ժամանակ 25-ամյա Հովակիմյանն ասում է՝ երիտասարդական՝ մի քիչ ռոմանտիկ շրջան էր։ Երբ «Ղարաբաղ» կոմիտեի նախաձեռնող Իգոր Մուրդայանը հայտարարում է, որ պետք է զինվել, ուսանողությունն արձագանքում էր, թե Մուրադյանը պրովոկատոր է: «Հետագայում հասկացանք, որ միակ ճանապարհը մնացել է զինված լուծումը։ Իհարկե Խորհրդային պետության մոտեցումը մի քիչ ուրիշ լիներ, հնարավոր է` այլ լուծում լիներ»:
Հովակմիյանն ընդգծում է՝ չի ուզում՝ որեւէ մեկը սեփականաշնորհի այդ նստացույցը։
«Կազմակերպչի գործառույթ եմ ունեցել, բայց երբեւէ չեմ կարող հայտարարել, թե ես եմ եղել կազմակերպիչը։ Մարդիկ կան, մտածում են՝ մյուսները հիշողություն չունեն։ Շատ անգամներ եմ լսել, նյութեր տեսել, երեւում են եթերում, լոզունգներ ասում, հարց է առաջանում՝ ախր իրենք որտե՞ղ էին, ինչո՞վ էին զբաղվում, ինչքանո՞վ են անցել այդ ամենի միջով։ Նստացույցն ընդամենը պահի տակ եղած բան էր, որը կարողացանք շատ արագ կազմակերպել ու կառավարել։ Մենք առաջ քաշեցինք շարժումը, հետո եղան կուսակցական ուժեր, որոնք հետագայում ցանկացան օգտագործել ուսանողությանը»։
Մեր զրուցակիցն ասում է՝ տարիներ անց տեսել է՝ ամեն մեկն իր կարծիքն է ասում, թե նստացույցը պետությունն էր կազմակերպել կամ КГБ-ն (Պետական անվտանգության կոմիտե): «Վերջինս այն ժամանակ ամեն կերպ ճնշումներ էր գործադրում։ Օրինակ՝ մեր տուն են այցելել, փորձել են ընտանիքիս անդաներին ահաբեկել, որ դադարեցնեմ ակտիվությունս: Տարբեր մարդկանց վրա ազդեցություն գործում էին՝ իշխանական մարմինների, համալսարանի ղեկավարության, բայց մենք չէինք ընկրկում: Նստացույցի առաջին օրերին շատ ծանր էր. ամեն պահի սպասում էինք, որ ուժ կկիրառեն, բայց դիմացանք, դիմադրեցինք»,-ասում է Հովակիմյանը:
Մեր զրուցակիցը հիշում է՝ հաջորդ տարիներին էլ Վազգեն Մանուկյանն ու Ղարաբաղ կոմիտեի որոշ անդամներ գնացել են համալսարան, հորդորել մի անգամ էլ նստացույց անել՝ հանրությանը հավաքելու համար։
«Ես կտրուկ հրաժարվեցի, ասացի՝ մենք ինչու հավաքվենք, այն ժամանակ ուրիշ խնդիր է եղել, հիմա ուրիշ խնդիր է։ Քչերը գնացին»։
Երիտասարդություն եւ իշխանություն․ այն ժամանակ ու հիմա
Այն ժամանակ իշխանության բնութագիրը հետեւյալն էր` Մոսկվայից եկած ցանկացած բան իշխանության համար օրենք ու կարգ էր: Որոշ մարդիկ վարդագույն են պատկերացնում կոմունիստական հասարակությունը, գովում են, թե բժշկությունը, կրթությունը անվճար էին, մտածում են` դրախտ էր, մինչդեռ ստանդարտներով կառավարվող փակ համակարգ էր: Իշխանության գործող անձինք էլ, որոնք բարձր դիրքերի էին հասել, բնականաբար դժվար ճանապարհով էին հասել: Նրանց մեջ, իհարկե, կային ազատ մտածողություն եւ ազգային հայացքներ ունեցող դեմքեր, բայց փոքրաթիվ էին։
Այժմ շատ հեղհեղուկ, անփորձ իշխանություն ունենք, որոշ դեպքերում` անկարող: Այն, ինչի մասին խոսում էին, իրենց գործում պետք է երեւար, չայրեին բոլոր կամուրջներն ուժային կենտրոնների հետ, կարողանային ճիշտ կառավարում իրականացնել, հասարակությանը համախմբել, ինչն ընդհանրապես չտեսանք, հակառակը` եղավ հասարակության բաժանում: Դեմոկրատիայի առումով գուցե մի քայլ առաջ են ինչ-որ հարցերում, բայց տեղեր ենք տեսնում, որ տասնյակ քայլերով հետ են: Իսկ այն ընդդիմությունը, որ կա այսօր, ուղղակի նվեր է այս իշխանությանը․ իրենք իրար արժանի են:
Ցանկությունս մեկն է՝ երիտասարդությունը լավ կրթվի, գիտելիք ձեռք բերի, զբաղվի իր գործով, ճանաչի աշխարհն ու պահի իր ազգային կերպարը։
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: