Վաշինգտոնը կարող է «հիմնովին վերանայել» հարաբերությունները Վրաստանի հետ, եթե վերջնականապես ընդունվի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։
«Վրաց ժողովուրդն այս օրենքի մասին իր կարծիքն արտահայտեց փողոցներում բողոքի ցույցերով։ Այս շաբաթվա վերջին մենք տեսանք Վրաստանի պատմության մեջ ամենախոշոր բողոքի ցույցերը, տասնյակ հազարավոր խաղաղ ցուցարարներով, ովքեր վախ չունեին ահաբեկման մարտավարությունից եւ կոչ էին անում իրենց կառավարությանը դեմ կանգնել այս օրենքին, քանի որ ցանկանում են եվրաատլանտյան ապագա։ Տեսնենք, թե ինչ կանի խորհրդարանը, բայց եթե այս օրենքն ընդունվի, դա մեզ կստիպի հիմնովին վերանայել մեր հարաբերությունները Վրաստանի հետ»,-ասել է Ժան Պիերը։
Խոսնակն ընդգծել է, որ Սպիտակ տունը «խորապես մտահոգված է» երրորդ ընթերցմամբ օրենքի ընդունումով։ Վաշինգտոնն ակնկալում է, որ Վրաստանի նախագահը վետո կդնի դրա վրա։
«Անհասկանալի է, թե արդյոք խորհրդարանը կփորձի վերացնել պոտենցիալ վետոն, մենք բարձրաձայնել ենք օրենսդրության վերաբերյալ մեր մտահոգությունների մասին, ինչը հակասում է ժողովրդավարական արժեքներին եւ Վրաստանին էլ ավելի կհեռացնի Եվրամիության արժեքներից, եւ մենք չպետք է մոռանանք նաեւ ՆԱՏՕ-ի մասին»,-ասել է Ժան Պիերը։
Հիշեցնենք, որ նախօրեին՝ մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ եւ վերջին ընթերցմամբ հավանություն է տվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծին, որին հաջորդել է զանգվածային բողոքի ակցիաների շարունակումը Թբիլիսիում։